Աշխատաշուկայի գլոբալ համաժողովում Արսեն Թորոսյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության 2025–2031 ռազմավարությունը


 

Աշխատաշուկայի գլոբալ համաժողովում Արսեն Թորոսյանը ներկայացրել է ՀՀ զբաղվածության 2025–2031 ռազմավարությունը

  • 26-01-2026 16:53:17   | Սաուդյան Արաբիա  |  Մամլո հաղորդագրություն

 
Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման ալ Ռաջհիի հրավերով՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։ 
 
Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։
 
Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված գերակայություններին՝ նախարարն իր ելույթում նշել է, որ Զբաղվածության 2025-2031 թթ․ռազմավարական ծրագրով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 միջոցառում, որոնք առաջիկա տարիներին միտված են լինելու մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու զբաղվածության աճի ապահովմանը՝ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ընդլայնման միջոցով։
 
Ռազմավարությամբ առանձնացված թիրախային խմբերից բացի Արսեն Թորոսյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների տնտեսական ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։
 
Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները։
 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն