Մենք հրավիրում ենք բոլոր 196 երկրներին. ՇՄ նախարարը՝ COP17-ին Ադրբեջանի և այլ երկրների մասնակցության մասին
26-01-2026 16:58:18 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am COP17-ի անդամ երկրները 196-ն են: Հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է. մենք հյուրընկալում ենք և նախագահում ենք միջոցառումը: Այնպես չէ, որ սա միայն Հայաստանի միջոցառումն է, սա համաշխարհային միջոցառում է: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի ներկայացուցիչներ միջոցառման շրջանակում Հայաստան ժամանելո՞ւ են:
«Հրավիրող կողմը ՀՀ-ն է որպես նախագահող, և, իհարկե, ՄԱԿ-ը: Բոլոր երկրները տեղեկացված են՝ օրերի հետ կապված, միջոցառման հետ կապված: Պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում դրանք կուղարկվեն, բայց բոլոր [երկրների] ՇՄՆ-ները կամ համապատասխան լիազորություններ իրականացնող նախարարություններն իրազեկված են:
Կարծում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների, նախարարների մեծ մասնակցություն կունենանք: Թե ո՛ր երկրներն են հաստատելու [հրավերը], որոնք չեն հաստատելու՝ դեռ վաղ է դրա մասին խոսել:
Մենք հրավեր չենք ուղարկում, մեր հրավերն ուղարկվում է համատեղ ՄԱԿ-ի հետ: Սա և՛ մեր միջոցառումն է, և՛ ընդհանուր, գլոբալ միջոցառում, այսինքն՝ մենք հրավիրում ենք բոլորին, բոլոր 196 երկրներին:
Միջոցառման խորագրերից մեկը հենց այն է, որ մենք միասին աշխատենք ընդհանուր բնապահպանական խնդիրների շուրջ: Այդ աշխատանքներից չի կարելի որևէ երկրի դուրս թողնել, առավել ևս որ մենք պատրաստակամ ենք հյուրընկալել բոլոր պատվիրակություններին և բոլոր երկրներին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովը Երևանում տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերին: