Վազգեն Թևանյանը պարտության է մատնել աշխարհի փոխչեմպիոնին
26-01-2026 17:21:55 | Հնդկաստան | Սպորտ
Հնդկաստանում ընթացող ըմբշամարտի Pro Wrestling League (PWL) պրոֆեսիոնալ մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը շարունակում է գրանցել գերազանց արդյունքներ։ Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնը և աշխարհի բրոնզե մեդալակիրը (65 կգ) իր ակտիվում գրանցել է արդեն երրորդ հաղթանակը։
«Maharashtra Kesari» թիմի կազմում հանդես եկող հայ մարզիկի հերթական մրցակիցը տիտղոսակիր ըմբիշ, 2025 թվականի աշխարհի փոխչեմպիոն, մոնղոլ Տումուր-Օչիրին Տուլգան էր։ Լարված պայքարում Թևանյանին հաջողվել է վստահ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ գոտեմարտն ավարտելով 10։4 հաշվով։
Մինչ այս հաջողությունը, հայ ըմբիշը ևս երկու կարևոր հաղթանակ էր տարել PWL-ի շրջանակում։ Մասնավորապես, նախորդ գոտեմարտերում նա հաղթել էր հնդիկ Վիշալ Կալիրամանային («Up Dominators» թիմ) 4։2 հաշվով, ինչպես նաև սկզբունքային գոտեմարտում 5։2 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմզադեի նկատմամբ։
Հնդկական լիգայում Հայաստանն ունի ևս մեկ ներկայացուցիչ։ «Up Dominators» թիմի կազմում մինչև 74 կգ քաշային կարգում հանդես է գալիս Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը։