Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կուբանի նավթավերամշակման գործարանի վրա


 

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Կուբանի նավթավերամշակման գործարանի վրա

  • 26-01-2026 18:50:24   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am Ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկ քաղաքին, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ խումբը:
 
Անօդաչու սարքերի բեկորներն ընկել են երկու ձեռնարկության տարածքում, ինչի հետևանքով հրդեհներ են բռնկվել: Կրասնոդարի երկրամասի իշխանությունները չեն նշել, թե որ ձեռնարկություններն են թիրախավորվել: Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է, որ հարված է հասցվել Սլավյանսկի նավթավերամշակման գործարանին:
 
Սլավյանսկի նավթավերամշակման գործարանը պատկանում է «Սլավյանսկ ԷԿՈ» ընկերությանը: Դրա նախագծային հզորությունը տարեկան 5,2 միլիոն տոննա է, բայց վերջին տարիներին վերամշակման ծավալը հասել է 4,1 միլիոն տոննայի:
 
Ըստ օպերատիվ շտաբի տեղեկության՝ մեկ մարդ վիրավորվել է: Նա հոսպիտալացվել է կյանքին չսպառնացող վնասվածքներով: Անօդաչու սարքերի բեկորներ հայտնաբերվել են նաև յոթ մասնավոր տան տարածքում: Իշխանությունները հայտնում են, որ այդ միջադեպերի ժամանակ ոչ ոք չի տուժել։
 
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ գիշերը Կրասնոդարի երկրամասի օդային պաշտպանության համակարգերը «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը