27-01-2026 16:02:41 | Ադրբեջան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Հունվարի 27-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը պաշտոնական կայքէջում տեղեկություն է տարածել, որ «կանխվել է Բաքվում օտարերկրյա դեսպանատան դեմ ծրագրված ահաբեկչությունը»: Ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների հիման վրա «հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ադրբեջանի քաղաքացիներ, «Աբու Զար ալ-Մուհաջիր» մականունով հայտնի Իլգար Գուլիևը, «Աբդուռաշիդ» մականունով հայտնի Ամին Փիրիևը և Էլվին Ալիզադեն, որ հայտնի է իբրև «Աբդուռահման ալ-Ազերի», կրոնական թշնամանքի հողի վրա Բաքվում օտարերկրյա դեսպանատան դեմ ահաբեկչության էին նախապատրաստվում»:
Նշված անձինք, «հանցավոր համագործակցություն հաստատելով «Վիլայաթի-Խորասան» զինված խմբավորման անդամների և ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ, ձեռք են բերել որպես զենք ծառայող առարկաներ, որպեսզի ահաբեկչություն իրականացնեն Ադրբեջանում օտարերկրյա դեսպանատան դեմ»: Իլգար Գուլիևը, Ամին Փիրիևը և Էլվին Ալիզադեն որպես մեղադրյալներ ներգրավվել են հարուցված քրեական գործում: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չորսամյա ժամկետով կալանքը: Ըստ Ադրբեջանի ՊԱԾ հաղորդագրության, «քննչական և օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են՝ պարզելու կասկածյալների ամբողջական շրջանակը»:
«Վելայաթ Խորասանը» տրանսազգային, անջատողական, ահաբեկչական խմբավորում է, որ կազմավորվել է որպես «Իսլամական պետության աֆղանական թև»: Բաց աղբյուրների տեղեկությամբ, այն ստեղծվել է, «որպեսզի տապալի պատմական Խորասան երկրամասի տարածքի իշխանությունները և ստեղծի իսլամական խալիֆաթ»: Կառույցին անդամագրվել են «Թալիբան», «Ալ-Քաիդա» խմբավորումներից հեռացած զինառյալներ, նրա մաս է կազմում «Ուզբեկստանի իսլամական շարժումը»:
Ադրբեջանի ՊԱԾ-ը «հակաահաբեկչական գործողության» իրականացման ժամանակի մասին տեղեկություն չի հայտնել: Չափազանց խորհրդանշանական է, որ «Վելայաթ Խորասանի» և ԻԼԻՊ-ի անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության և Բաքվում օտարերկրյա դեսպանատան «դեմ ահաբեկչությունը կանխելու» մասին տեղեկատվությունը տարածվել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարի Ադրբեջան այցի հաջորդ օրը: Կարելի է ենթադրել, որ իսլամ ծայրահեղականներն «ունեցել են Բաքվում Իսրայելի դեսպանատան կամ, թերևս, Սաարի դեմ ահաբեկչություն իրականացնելու նպատակ»:
Մյուս կողմից, երևի, արժե ուշադրություն դարձնել, որ Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցած «անկարգությունների» համար մեղադրել են Իսրայելի հատուկ ծառայություններին, որ «ահաբեկիչներ են ներդրել ցուցարարների շարքերում, որոնք էլ սպանել են ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ ոստիկանների»: «Վելայաթ Խորասանը» հանդես է գալիս նաև Իրանի Խորասան նահանգն անջատելու և «Իսլամական խալիֆաթի» կազմում ընդգրկելու կոչերով: Անցած տարիներին Իրանի և Աֆղանստանի, Իրանի և Պակիստանի սահմանամերձ տարածքներում մի շարք ահաբեկչություններ են իրականացվել: Այս ֆոնին կարելի է տպավորություն ստանալ, որ Բաքվում «կանխվել է Իրանի դեսպանատան դեմ ծրագրված ահաբեկչությունը»:
Խիստ ուշագրավ է, որ երկրում իսլամական ծայրահեղականության և զինված խմբավորումների առկայության մասին Ալիևը բացահայտում է արել մի փուլում, երբ պաշտոնապես հաստատված է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսը առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մակարդակի այցի անվտանգության հետ կապված հարցերը, որպես կանոն, լուծվում են երկու երկրների հատուկ ծառայությունների ներգրավմամբ: Բացառված չէ, որ Բաքվում «Վելայաթ Խորասանի» և ԻԼԻՊ-ի զինառյալներին բացահայտել է ԱՄՆ հետախուզությունը: Հակառակ դեպքում պիտի ենթադրել, որ Ալիևը «դեմ է Վենսի այցին»: