ԵԽԽՎ-ն «գծում է» հետկոնֆլիկտային Ռուսաստանի ներքին օրակարգը


 

ԵԽԽՎ-ն «գծում է» հետկոնֆլիկտային Ռուսաստանի ներքին օրակարգը

  • 27-01-2026 17:26:13   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Հունվարի 26-ին ԵԽԽՎ Բյուրոն հաստատել է «Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ» ստեղծելու որոշումը: Այդ հարցը ԵԽԽՎ-ն քննարկել է անցյալ տարվա աշնանային նստաշրջանում: Տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որի թղթակիցը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական քննարկումներին ներկա է գտնվել: Ըստ այդմ, «Հարթակի» կազմում ընդգրկվել են Ռուսաստանի պետդումայի նախկին պատգամավոր Ֆեյգը, քաղաքական գործիչներ Կարա-Մուրզան և Խոդորկովսկին, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:
 
Ամենաուշագրավն այն է, որ «Հարթակում» հինգ ներկայացուցիչ կունենան նաև «Ռուսաստանի Դաշնության նախաբնիկ ժողովուրդները»: Լրատվամիջոցը նրանց ինքնությունը չի բացահայտել: Կարելի է ենթադրել, որ ԵԽՎՎ-ն այդ մասին տեղեկատվություն դեռևս չի տարածել: «Հարթակն» ստեղծվել է Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի և Եվրոպայի Խորհրդի միջև երկխոսություն սկսելու և զարգացնելու նպատակով: Այդ նախաձեռնությունն, անկասկած, քաղաքական հեռուն գնացող թիրախներ ունի:
 
Ուշագրավ է, որ ԵԽԽՎ Բյուրոն Ռուսաստանի ժողովրդավարական ուժերի հետ երկխոսությունն ինստիտուցիոնալացնում է ուկրաինական կարգավորման բոլոր առումներով վճռորոշ փուլում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը նախօրեին լրագրողներին ասել է, որ Ուկրաինայում պատերազմի դադարեցումն առանց տարածքների հարցում համաձայնության հնարավոր չէ, իսկ հարցի լուծումը «պետք է հենցի Անքորջի գագաթնաժողովում մշակված բանաձևի վրա»:
 
«Նեզավիսիմայա գազետան», վերլուծելով Աբու-Դաբիի եռակողմ՝ ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների «նախնական արդյունքները», եզրահանգել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին «ճնշումների տակ է և նոր հաղթաթուղթ ոչ ոք նրան չի տա», ուստի «ստիպված է համաձայնել Անքորիջի բանաձևին»: Լրատվամիջոցը բացահայտել է, որ դա ենթադրում է «Դոնբասի նկատմամբ լիակատար ռուսաստանյան վերահսկողություն և զորքերի շփման գծով հրադադարի հաստատում»: Ըստ պարբերականի, «քանի որ Խերսոնի և Զապորոժիեի ամբողջական մարզերը սահմանադրությամբ Ռուսաստանի տարածք են, Անքորիջի բանաձևի կիրառումն ՌԴ կողմից արդեն իսկ կլինի մեծագույն զիջում»:
 
Եթե խնդիրը դիտարկենք զուտ քաղաքական հարթությունում, ապա տարածքային հարցով այդ «կարգավորումն», իրոք, մեծագույն զիջում է, բայց ոչ այնքան Ռուսաստանի, որքան՝ անձնապես Վլադիմիր Պուտինի կողմից, քանի որ այդ տարբերակով նրա «Նովոռուսիա» աշխարհաքաղաքական նախագիծը փլուզվում է, իսկ Ուկրաինայից գրաված «վաղեմի ռուսական հողերի» ճակատագիրը՝ մնում անորոշ: Այդ պայմաններով չորս տարի տևած արյունալի պատերազմն ավարտել, ընդ որում՝ Միացյալ Նահանգների բացահայտ աջակցությամբ, սկզբունքորեն նշանակում է ունենալ ավելի թույլ իշխանություն և ցածր վարկանիշ, քան՝ 2022 թվականին:
 
Ըստ երևույթին, Եվրոպայում համարում են, որ հետկոնֆլիկտային Ռուսաստանում «ներքին խմորումներն անխուսափելի են» և արդեն իսկ ձեռնամուխ են լինում քաղտեխնոլոգիական մշակումների: Ամենևին էլ բացառված չէ, որ Դոնբասը «հանձնելու» դիմաց ԱՄՆ –ը Վլադիմիր Պուտինի առջեւ բարձրացնի ներքին կյանքի ազատականացման պահանջ: Մանավանդ որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփն արդեն իսկ ենթարկվում է սուր քննադատության: Նախկին նախագահներ Քլինթոնը և Օբաման քաղաքացիներին կոչ են արել «արթնանալ և պաշտպանել ժողովրդավարությունը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը