Լուկաշենկոն «անձնական ապահովությա՞ն, թե՞ մեծ պատերազմի նախապատրաստության» խնդիր է լուծում


 

Լուկաշենկոն «անձնական ապահովությա՞ն, թե՞ մեծ պատերազմի նախապատրաստության» խնդիր է լուծում

  • 27-01-2026 18:53:18   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Անցած կիրակի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոին այցել է Զինված ուժերի 19-րդ առանձին բրիգադ և անձամբ ստուգել զորամիավոր մարտունակությունը: Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, Բելառուսի նախագահը «չի բավարարվել բրիգադի հրամանատարի զեկույցներով և անձամբ ներկա է գտնվել սպայական և շարքային կազմի ֆիզիկական ու կրակային պատրաստության ստուգմանը»: Այս տեղեկությունը պետական հեռուստատեսությանը հարցազրույցում հաստատել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Վոլֆովիչը:
 
Նա հրապարակայնացրել է, որ 19-րդ բրիգադը մարտական թիվ մեկ պատրաստության բերելու հրաման ինքը ստացել է անմիջապես Լուկաշենկոյից և փոխանցել զորամիավորման հրամանատարին՝ շրջանցելով պաշտպանության նախարարին և ԶՈՒ ԳՇ պետին: Վոլֆովիչը նաև ասել է, որ Բելառուսի «նախագահը, հաշվի առնելով միջազգային բարդ դրությունը, անցել է ԶՈՒ օնլայն կառավարման»: Նրա ներկայացմամբ՝ «պաշտպանության նախարարը և ԶՈՒ ԳՇ պետն, իհարկե, զորքերի կառավարմանը ներգրավված են, բայց անմիջական ղեկավարում իրականացնում է նախագահը»:
 
 
Անդրադառնալով Բելառուսի Զինված ուժերի ուղղակի նախագահական կառավարման խնդրին, ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» հղում է արել բելառուսական անկախ աղբյուրներին, որոնց գնահատմամբ Ալեքսանդր Լուկաշենկոն «զգուշանում է Վենեսուելայի նախագահ Մադուրոյի առևանգման նախադեպից»:
 
Միջազգային մամուլում, ինչպես հայտնի է, կայուն տեսակետ կա, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները Մադուրոյի առեւանգումն իրականացրել են «նրա անվտանգության ծառայությունում և Զինված ուժերում ներդրված գործակալների աջակցությամբ»: Անցյալ տարեվերջին Բելառուսի նախագահը մի խումբ քաղբանտարկյալների ազատ է արձակել: Փոխարենը Միացյալ Նահանգներն արտոնել են բելառուսական պարարտանյութերի արտահանումը:
 
ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից Վենեսուելայի նախագահի առևանգումը հաջորդել է բելառուսա-ամերիկյան այդ գործարքին: Շուրջ մեկ ամիս անց Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ բելառուսական անկախ աղբյուրների, զգուշացած է, որ իր դեմ «խարդավանքը հնարավոր է, որին կարող են մասնակցել բարձրաստիճան զինվորականներ»:
 
Անշուշտ, բացառված չէ, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակային ստուգայցերը բոլորովին այլ նպատակ ունեն: Եթե առաջիկայում Ուկրաինայի հարցում դիվանագիտական առաջընթաց տեղի չունենա, ինչի հավանականությունը փորձագետների կողմից թեև չի բացառվում, բայց չափազանց ցածր է գնահատվում, ապա մարտական գործողությունները կարող են ոչ միայն սաստկանալ, այլև ծավալվել «նոր աշխարհագրությամբ»:
 
Բելառուսը և Ռուսաստանը ֆորմալ առումով «միութենական պետություն» են կազմում, փաստացի ունեն անվտանգային ընդհանուր համակարգ: Անցած գրեթե չորս տարիներին Ալեքսանդր Լուկաշենկոյին հաջողվել է Բելառուսի տարածքը պատերազմական գործողությունների գոտու վերածվելուց զերծ պահել: Բայց «համաեվրոպական պատերազմի» դեպքում նա հարկադրված է լինելու հանդես գալ որպես կոնֆլիկտի փաստացի կողմ՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ:
 
Նախատեսված է, որ եկող շաբաթասկզբին Աբու-Դաբիում կմեկնարկի ռուս-ամերիկա-ուկրաինական քննարկումների երկրորդ փուլը, որի արդյունքներից հնարավոր կլինի եզրակացնել՝ Ուկրաինայում պատերազմը կդադարի՞, թե՞ մարտական գործողությունները կշարունակվեն: Ըստ այդմ էլ, երևի, հասկանալի կդառնա, թե «Բատկան» ինչո՞ւ է անցել Զինված ուժերի «ձեռքի կառավարման», նա անձնական ապահովության խնդի՞ր է լուծում, թե՞ նախապատրաստվում է «մեծ պատերազմի»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը