Գերմանիայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
28-01-2026 12:21:40 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայկական ժամանակ. ԳԴՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը հունվարի 27-ին Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով մասնակցել են «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։
Դեսպանությունից հայտնում են, որ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, որը նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի և աջակցության համար։
Միջոցառմանը ներկա են գտնվել տասնյակ փորձագետներ, պատգամավորներ և լրատվամիջոցներ։ Այն կազմակերպվել է Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից։