ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է Փաշինյանը գլխավոր քարտուղարի ձերբակալմամբ․ Օհանյան
28-01-2026 13:00:27 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik․ ՀՀ պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ երբ դաշնակցային հարաբերություններում կան խնդիրներ, ոչ թե պետք է նեղանալ ու երեխայական պահվածք դրսևորել, այլ հմուտ արտաքին դիվանագիտությամբ լուծել հարցերը։
Մեր տարածաշրջանում առկա փխրուն անվտանգային միջավայրի, արտաքին և ներքին սպառնալիքների պայմաններում մեզ նման երկրները կարող են իրենց անվտանգությունն ապահովել ազգային երաշխիքների ձևավորմամբ, բանակի հզորացմամբ, բայց նաև պարտադիր են հավաքական անվտանգությունն ու դաշնակցային հարաբերությունները։ Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր շնորհավորական ուղերձում հերթական անգամ մեղադրել էր ՀԱՊԿ-ին ՀՀ-ի նկատմամբ ունեցած պայմանագրային պարտականությունները չկատարելու համար։ Բացի այդ, Փաշինյանը նշել էր, որ ՀԱՊԿ-ի անդամ լինելը խոչընդոտ է եղել, որ միջազգային տարբեր գործընկերներ համաձայնեն Հայաստանին սպառազինություն ու ռազմական տեխնիկա վաճառել։ Փաշինյանը հավելել էր, որ Հայաստանի առջև ստեղծված «գոյաբանական սպառնալիքները» հնարավոր եղավ հաղթահարել Պրահայում ստորագրված փաստաթղթով և ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցմամբ։
«ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացրել է այսօրվա իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ ձերբակալել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Մեր տարածաշրջանում ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները ձևավորվել են գլոբալ առումով տարածաշրջանային խոշոր պետությունների հետ պայքարելու համար, նկատի ունեմ՝ Թուրքիային, իսկ Ադրբեջանի դեմ ի վիճակի ենք եղել ինքնուրույն պայքարել»,- ասաց Օհանյանը։
Ինչ վերաբերում է Պրահայում ստորագրված փաստաթղթով հպարտանալուն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը շեշտեց՝ դա մեր խայտառակությունն է, որ ՀՀ ղեկավարը պատմության ընթացքում տարիներով ձեռքբերված բանակցային փորձը, բանակցային ներուժն ու Արցախի համար մղվող պայքարը զրոյացրել է՝ այն ճանաչելով Ադրբեջանի կազմում։
«Երբ խնդիրներ կան դաշնակցային, գործընկերային հարաբերություններում, դրանից պետք չէ խռովել, որովհետև միջպետական, դաշնակցային և գործընկերային հարաբերությունները չպետք է երեխայական մակարդակի լինեն։ Պետք է գրագետ կերպով ընտրել հմուտ արտաքին քաղաքականության մարտավարություն և լուծել հիմնական խնդիրները, ուստի այս իրավիճակի հիմնական մեղավորը հենց Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց Օհանյանը։
Հավելենք, որ այսօր նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձը:
1992 թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում: