28-01-2026 16:54:54 | Թուրքիա | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը (MİT) ոստիկանության հետ համատեղ երկրի հինգ նահանգներում, բայց առավելապես՝ Ստամբուլում, հատուկ գործողություն է իրականացրել, որի արդյունքում ձերբակալվել է վեց կասկածյալ: Ստամբուլի քրեական գործերով դատարանի վճռով նրանց հանդեպ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Այդ մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-երը և հրապարակել կալանավորվածների ինքնությունը:
Նրանցից Թաներ Ազքանը և Էրհան Էրգելենը հանդիսանում են ռազմաարդյունաբերության ոլորտի ընկերությունների սեփականատեր, իսկ Ջեմալ Բայազը և Ռեմզի Բեյազը ձեռնարկատիրությամբ են զբաղվել տեքստիլ արտադրության ոոլորտում: Կալանավորված են նաև Ալիկան Քոչը և Իրանի քաղաքացի Աշքան Ջալալին: Ըստ տեղեկությունների, «հետաքննությունը պարզել է, որ լրտեսական բջիջը ղեկավարել են Իրանի քաղաքացիների Նաջաֆ Ռոսռամին, որ հայտնի է «Հաջի» մականունով և «Դոկտոր» ծածկանունով հայտնի Մեհդի Յեքե Դեխհանը»:
«Լրտեսական բջիջը» ստացել է Ինջիրլիքի ռազմակայանի շուրջ տեսա-լուսանկարահանումներ կատարելու հանձնարարություն: Ինջիրլիքն, ինչպես հայտնի է, Թուրքիայում Միացյալ Նահանգների ռազմակայանն է: Մամուլին նաև հայտնի է դարձել, որ կալանավորված անձինք մեղադրվում են Իրանից Կիպրոսի «հունական հատված ԱԹՍ-երի տեղափոխման» մեջ: Թուրքական լրատվամիջոցները հատուկ գործողության իրականացման ժամկետների մասին ոչինչ չեն հայտնում: Նշվում է միայն, որ Իրանի քաղաքացիներից մեկը «բնակվել է Վանում»:
Այս տեղեկությունը տարածվել է Իրանի շուրջ իրավիճակի խայրահեղ լարվածության ֆոնին: Հայտնի է դարձել, որ հունվարի 27-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը Մերձավոր Արևելքում ռազմաօդային ուժերի զորավարժություններ է սկսել: Նպատակը մարտական օդուժի պատրաստվածության ստուգումն է: ԱՄՆ-ը նաև ռազմածովային ուժերի տեղաշարժ է կատարել: Դեպի Իրանի ծովային սահման շարժվող ուժերը նախագահ Թրամփն անհանել է «հուժկու և հոյակապ արմադա»:
Զուգահեռաբար տեղեկություն է տարածվել, որ Թուրքիան Իրանի հետ սահմանին «բուֆերային գոտի» է ստեղծում: Խոսքը սահմանապահ աշտարակների և մոդուկային բետոնապատնեշների տեղադրման մասին է: Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրն ասել է, որ Իրանի դեմ հարձակման դեպքում «տեղահանված բնակչությունը պետք է մնա սահմանի իրանական կողմում»: Փաստացի Թուրքիան հայտարարել է, որ ֆորս-մաժորի դեպքում Իրանից տեղահանված քաղաքացիական անձանց չի ընդունի:
Հրապարակային հայտարարությունների մակարդակով սատարելով Իրանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, Թուրքիան, ինչպես վկայում է «իրանական լրտեսական բջիջի բացահայտման» և սահմանին «բուֆերային գոտու» ստեղծման մասին տեղեկությունը, իրական քաղաքական ռեժիմում, ամենայն հավանականությամբ, աջակցում է Միացյալ Նահանգներին: Պաշտոնական Թեհրանը, որքանով դիտարկվում է, առայժմ չի արձագանքել Թուրքիայում իր քաղաքացու կալանավորման և նրան լրտեսության մեջ մեղադրելու մասին թուրքական կողմի պաշտոնական տեղեկատվությանը: