1in.am Ֆրանսիացի մեկնաբան Պատրիկ Ֆորեստյեն, ով 1970-ականների վերջից աշխարհի տասնյակ հակամարտություններ է լուսաբանել Paris Match-ի էջերում, կարծիք է հայտնել, որ «մերձավորարևելյան ճգնաժամը Վլադիմիր Պուտինի հացն է, նա օգտվում է քաոսից, որպեսզի միջամտի իրավիճակին, խաղա իր դերը և հաղթահարի մեկուսացումը»: Նա ուշադրություն է հրավիրել փաստին, որ անցյալ տարվա նոյեմբերի 26-ին Պուտինի «նախարարները Մոսկվայում ընդունել են ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պատվիրակությանը»: Ֆրանսիացի մեկնաբանը նկատել է տալիս, որ Պուտինը «բարեկամություն է հաստատում արաբական երկրների հետ՝ ներառյալ Սաուդյան Արաբիան»:
Պատրիկ Ֆորեստյեն «բացարձակ հավանական» է համարել, որ Ուկրաինան «կարող է փլուզվել»: Եթե ուկրաինական ռազմաճակատը ճեղքվի, Ռուսաստանը կհարձակվի Կիևի և Օդեսայի ուղղությամբ և 1500 կիլոմետրով կմոտենա Եվրոպային: Այդ դեպքում, ինչպես ֆրանսիացի հեղինակն է գնահատել, «ռուսները կհայտնվեն Ռումինիայի հետ սահմանին, իսկ Մոլդովան, որ ՆԱՏՕ-ի անդամ չէ, կկործանվի, իսկ եթե Պուտինը ՆԱՏՕ-ի սահմանին հայտնվի Սուխումի ուղղությունից, ապա կարող է պահուստներով հայտնվել Իտալիայում և գտնվել Նիցցային հասանելիության վրա»:
Paris Match-ի սյունակագիրը համոզված է, որ Պուտինի համար «Ուկրաինան գոյություն չունի, նա ծրագրել էր կլանել այդ երկիրը, նշանակել խամաճիկ ղեկավար և այնտեղ, ինչպես Վարշավայի պայմանագրի ժամանակներում էր, Լեհաստանի և Ռումինիայի դեմ զորքեր տեղաբաշխել»: Այս համատեքստում նա հարցադրում է արել. «Ուկրաինայի համար Ֆրանսիան պե՞տք է ավելին անի»,- և պարզաբանել, որ խնդիրը «ոչ միայն Ուկրաինայի, այլև Ֆրանսիայի պաշտպանությունն է, և քաղաքական գործիչները սխալվում են, երբ ֆրանսիացիներին այդ մասին ուղղակի չեն ասում, եթե Ուկրաինան պարտվի, ապա միայն այն պատճառով, որ Եվրոպայում այսօր չկա ոչ Չերչիլ, ոչ՝ դը Գոլ»:
Սպիտակ տան խոսնակը հունվարի 27-ին «իրականությանը չհամապատասխանող» է որակել Financial Times-ի հրապարակումը, ըստ որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ճնշում է գործադրում, որպեսզի Ուկրաինան հրաժարկվի ամբողջական Դոնեցկի մարզից»: Ըստ Միացյալ Նահանգների պաշտոնական մեկնաբանության՝ «այդ կարգի հրապարակումներ արվում են, որպեսզի ուկրաինական կարգավորումը ձախողվի»:
Եկող շաբաթ Աբու-Դաբիում պետք է մեկնարկի ռուս-ամերիկա-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» գրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն առայժմ «քննարկում են տերմինների մեկնաբանության հարցը»: Կողմերը դեռևս չեն համաձայնեցրել «հրադադար», «հրադադարի ռեժիմի դիտարկում» և «հրադադարի խախտում» հասկացությունները: Առաջընթաց է համարվում, որ պատվիրակությունները «քննարկում են հետկոնֆլիկտային իրավիճակի հետ կապված խնդիրներ»:
Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերստին պնդել է, որ «առանց տարածքային հարցի շուրջ համաձայնության երկարատեւ և կայուն կարգավորում հնարավոր չէ»: Ըստ աղբյուրների, անցյալ տարվա օգոստոսին ՌԴ և ԱՄՆ նախագահներն Անքորիջում պայմանավորվել են, որ հրադադար կհաստատվի զորքերի շփման այդ պահի դրությամբ գծով, բայց Ուկրաինան «պետք է Դոնեցկի մարզից զորքերը դուրս բերի»: Եթե Ուկրաինան «չհանձնի» Դոնբասը, Պուտինը Եվրոպային պատերա՞զմ կհայտարարի: