Ապագայում ևս Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն խաղաղությունն ու կշարունակեն համագործակցությունը. ՀՀ ԱԳ նախարար
28-01-2026 18:50:08 | | Ի՞նչ է գրում մամուլը
shantnews.am «Թրամփի ուղին» թույլ է տալու Հայաստանին ու Ադրբեջանին դառնալ ոչ միայն տարանցիկ հանգույց, այլև ամբողջ Հարավային Կովկասն է դարձնելու տարանցիկ տարածաշրջան՝ ապահովելով ոչ միայն մարդկանց կապը, այլև ապրանքաշրջանառությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԵԽԽՎ նստաշրջանում հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչ հանձնառություն է պատրաստ կրել հայկական կողմը Ադրբեջանի հետ տևական խաղաղությունը պահպանելու ուղղությամբ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին իսկապես հաստատվել է խաղաղություն։ Քանի որ խաղաղությունը շարունակական խնամքի կարիք ունի, մենք համոզված ենք, որ կարող ենք սնուցել և հոգ տանել այդ մասին։ Վստահ ենք, որ ապագայում ևս Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն խաղաղությունն ու կշարունակեն համագործակցությունը։ Օգոստոսի 8-ի համաձայնագրերից ու Հռչակագրից հետո արդեն իսկ բազմաթիվ զարգացումներ են տեղի ունեցել մեր տարածաշրջանում։ Ադրբեջանն արդեն վերացրել է դեպի Հայաստան եկող ապրանքների ներմուծման արգելքը, մենք սկսել ենք երկկողմանի առևտուր։ Համապատասխան մարմիններն այս պահին քննարկում են երկկողմանի առևտրի այլ հնարավորություններն ապրանքների տարանցման համար։ Սա արդեն իսկ մեծ ուղենիշ և մեծ ձեռքբերում է»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Միևնույն ժամանակ Միրզոյանը հիշեցրել է, որ վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովում տեղի ունեցավ շատ հետաքրքիր իրադարձություն։ Առաջնորդները համաձայնվեցին այն սկզբունքների շուրջ, թե ինչպես է տեղի ունենալու տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ամբողջական ապաշրջափակումը։
«Առաջնորդները սահմանեցին հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը։ Տարիներ տևած բանակցությունների ընթացքում զանազան մեկնաբանություններ են եղել առ այն, թե ինչ է ազգային իրավազորությունը։ Հիմնարար սկզբունքները լիովին ընդունված են, ստորագրված և հրապարակված։ Վերջերս վերահաստատվեց ևս մեկ կարևոր դրույթ։ Հունվարի 14-ին մենք ամերիկացի գործընկերների հետ միասին համաձայնության եկանք սկզբունքների շուրջ, որոնք առնչվում են ենթակառուցվածքներին։ Խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովի ընթացքում համաձայնվեցինք սահմանել «Թրամփի ուղին», որը գործելու է հայկական ինքնիշխան տարածքի վրա և գործարկվելու է մեր ազգային օրենսդրության հիման վրա, մեր իրավազորության ներքո»,- ասել է Միրզոյանը։
Միրզոյանի կարծիքով՝ «Թրամփի ուղին» կդառնա գործոն խաղաղության և համագործակցության համար։
«Կան խաղաղության տարբեր բաղադրիչներ, կա նախաստորագրված համաձայնագիրը։ Հույս ունենք, որ այն շուտով կստորագրվի ու կվավերացվի գալիք ամիսների ընթացքում։ Կա նաև հաղորդակցական ուղիների ապաշրջափակման բաղադրիչը։ Իսկապես համապատասխան գործողություններով առաջ ենք ընթանում՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի սա մեզ տանի դեպի ավելի պայծառ ապագա»,- ասել է Միրզոյանը։