ՌԴ ԱԳՆ. Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա


 

ՌԴ ԱԳՆ. Հայաստանի մերձեցումը ԵՄ-ի հետ կազդի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների վրա

  • 30-01-2026 11:23:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ նրա դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Եվրոպական խնդիրների վարչության տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
 
Մեկնաբանելով Եվրոպական միությանը միանալու Երևանի մտադրությունը՝ ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ հաշվի առնելով «ԵՄ-ի արագ վերափոխումն ագրեսիվ ռազմաքաղաքական դաշինքի և Ռուսաստանի հետ առճակատմանն ուղղված նրա ռազմավարական գիծը, այս կազմակերպությանն անդամակցելու Հայաստանի հետաքրքրությունը չի կարող չմտահոգել»։
 
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, գիտակցում է Բրյուսելի հետ արագացված մերձեցման հնարավոր բացասական հետևանքները՝ ինչպես մեր դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման համար», - ընդգծել է Մասլեննիկովը։
 
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Ռուսաստանը հարգում է այլ պետությունների ինտեգրացիոն միավորումներին մասնակցելու ինքնիշխան իրավունքը, և հատկապես «նրանց ցանկությունը՝ տնտեսական զարգացման լրացուցիչ հնարավորություններ ստանալու և սեփական բնակչության բարեկեցությունը բարելավելու համար»։
 
«Փաստը մնում է փաստ, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է», - հայտարարել է դիվանագետը։
 
Մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր. - «Ցանկացած մարդ, որ ծանոթ է Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործունեության սկզբունքներին, տեղյակ է, որ հնարավոր չէ անցնել ԵՄ չափանիշներին՝ մնալով ԵԱՏՄ անդամ»:
 
Անդրադառնալով 2025-ի դեկտեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթին՝ Լավրովը նշել էր․ - «Հայերին վիզային ռեժիմի ազատականացում են առաջարկում, ինչը կապված է այն հանգամանքի հետ, որ ԵՄ-ն պետք է դերակատարություն ունենա իրավապահ համակարգում, սահմանների պաշտպանության հարցերում։ Հասկանալի է, որ Հայաստանում են գտնվում մեր սահմանապահները։ Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչպե՞ս է դա համատեղվում Երևանի ներկայիս պարտավորությունների հետ»։
 
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս հայտարարեց՝ Ռուսաստանին Հայաստանից դուրս թողնելու, Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ Հայաստանի Հանրապետության կառավարությունը չունի:
 
Միրզոյանն ընդգծել է՝ հարաբերությունների խորացումը Եվրամիության հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ:
 
«Խզել կապերը Ռուսաստանի հետ, պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ: Մենք հիմա ԵԱՏՄ անդամ պետություն ենք, և մենք հիմա շահեկան համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանականերում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք և կմտածենք այդ մասին։ Դա կդառնա քննարկման առարկա»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը