Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին


 

Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին

  • 30-01-2026 12:03:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ վերջին օրերին բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։
 
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ Ադրբեջանը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
 
«Նկարագրելով տարածաշրջանային իրադարձությունները և այն սպառնալիքները, որոնք բխում են Միացյալ Նահանգների կործանարար միջամտությունից և սիոնիստական վարչակարգի հեգեմոնիայից՝ մեր երկրի արտաքին գործերի նախարարն ընդգծել է տարածաշրջանի բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունը՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանն ուղղված սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև երրորդ անձանց կողմից սեփական տարածքի ցանկացած չարաշահում կանխելու հարցում, որը կարող է վտանգել տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը»,– ասված է հաղորդագրությունում։
 
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ռազմանավեր է ուղարկել Իրան, որոնք շատ ավելի մեծ են, քան Վենեսուելա ուղարկվածը: Իրանն արձագանքել է, որ պատրաստ է հարցը լուծել բանակցային ուղով, սակայն հավասար հիմունքներով և միշտ պատրաստ է պաշտպանվել: Արդեն հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Թրամփը հայտարարել է՝ վերջին օրերին նա բանակցություններ է վարել Իրանի հետ և մտադիր է դրանք շարունակել ապագայում։
 
Հիշեցնենք, որ հունիսին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Իրանի այն ժամանակվա դեսպան Մեհդի Սոբհանին, հղում անելով հետախուզական տվյալներին, պնդում էր, որ որոշակի քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ հարևան երկրների տարածքից ներթափանցել են Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այնուհետև նա հասկացրել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է՝ հայտնելով, որ ԻԻՀ նախագահ Փեզեշքիանը խնդրել է Ալիևին «շատ լուրջ» հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը