Քրոնիկ վիճակի դեպքում ապահովագրության փոխհատուցմամբ պացիենտի հսկողությունն իրականացնում է նեղ մասնագետը. նախարար


 

Քրոնիկ վիճակի դեպքում ապահովագրության փոխհատուցմամբ պացիենտի հսկողությունն իրականացնում է նեղ մասնագետը. նախարար

  • 30-01-2026 13:55:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդություն, ապա առողջության ապահովագրության փոխհատուցումից օգտվելու համար կարիք չկա ամեն անգամ այցելել թերապևտի, այդ դեպքում հսկողությունն իրականացնում է նեղ մասնագետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ-ում կազմակերպված քննարկմանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդություն և մինչև ապահովագրությունն ունեցել է նեղ մասնագետ որևէ հիվանդանոցում, ապա այսուհետ պետք է առաջինն այցելի թերապևտի՞:«Ամեն անգամ քրոնիկ վիճակի համար անհրաժեշտություն չկա գնալ ընտանեկան բժշկի, թերապևտի մոտ, հետո գնալ նեղ մասնագետի մոտ: Շատ մարդիկ շփոթել էին:

Եթե ախտորոշումը դրված է, և նա ունի քրոնիկ վիճակ, նրա հսկողությունը, վարումը իրականացնում է նեղ մասնագետը: Բայց ախտորոշման համար առաջինը պետք է դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,-ասաց Ավանեսյանը:Նրա խոսքով՝ եթե քաղաքացու բժիշկն աշխատում է այն բժշկական կենտրոնում, որն ունի պայմանագիր ապահովագրական հիմնադրամի հետ, ապա պետությունը կփոխհատուցի: Նախարարը հավելեց, որ ՀՀ բժշկական կենտրոնների 90 տոկոսը համարվում են ապահովագրական ծածկույթ սպասարկող:

«Այստեղ էլ ունենք սահմանաչափեր: Ապահովագրական հիմնադրամը տարեկան փոխհատուցում է ամեն նեղ մասնագետի 2 խորհրդատվություն»,-նշեց նախարարը:

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը