Մոսկվան Անկարային առաջարկում է վերադառնա ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»
30-01-2026 15:42:40 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am 2025 թ.-ին մենք նշեցինք խորհրդային Ռուսաստանի կողմից Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության ճանաչման 105-րդ տարեդարձը: Խորհրդային Ռուսաստանը ոչ միայն ճանաչել է Թուրքիան, այլև նշանակալի նյութական օգնություն ցուցաբերել, ներառյալ զենքը, զինամթերքը և ոսկին: Ես վստահ եմ, որ մեր ռազմավարական գործընկերության պատմության այդ փառապանծ գլուխը միշտ կմնա ոչ միայն մեր երկրի, այլև Թուրքիայի հիշողության մեջ: Ռուս-թուրքական հարաբերությունների մասին իշխանական Turkiye պարբերականի էթնիկ ադրբեջանցի լրագրող Սևիկ Նուրևային տված բացառիկ հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Ինչ վերաբերում է ռուս-թուրքական ներկայիս հարաբերություններին, ապա «չնայած ազգային շահերի նրբություններում առկա մոտեցումների տարբերությանը, նախագահները (Պուտինը և Էրդողանը) Սիրիայի հարցում միշտ ընդհանուր լեզու են գտել: Իրոք, 2019-20 թվականներին այդ հարցով մի քանի գագաթնաժողովներ են տեղի ունեցել: Դրանց արդյունքներով ձեռք են բերվել մի քանի, այդ թվում նաև քրդերի ծրագրերին առնչվող, համաձայնություններ: Այժմ այդ պայմանավորվածությունները որոշակի մասով վերածմվում են»: Լավրովը հարկ է համարել մեկնաբանել, որ նկատի ունի Սիրիայի քաղաքական կյանքում, քաղաքական կառույցներում և բանակում քրդերի ներգրավումը: Փաստացի նա հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների Սիրիայում քրսական ինքնավարությունը լուծարելու համաձայնություն ձեռք են բերել դեռևս 2019-20 թվականներին: Լավրովը նաև հանրայնացրել է, որ նույն ձևով Ռուսաստանը և Թուրքիան համագործակցում են Լիբիայում, որտեղ մշակում են «ազգային միասնության հասնելու գործընթացի մեկնարկի առաջարկություններ»:
Թուրքական իշխանամետ լրատվամիջոցին, բնականաբար, հետաքրքրել է նաև Հարավային Կովկասում ռուս-թուրքական համագործակցության հեռանկարը: Խիստ ուշագրավ է, որ Լավրովը Հարավային Կովկասը բնորոշել է որպես ռուս-թուրքական «ընդհանուր հարեւանության» տարածաշրջան և անմիջապես նշել, որ Թուրքիան Ադրբեջանի հետ 3+3 ձևաչափի «առաջին գլխավոր պիոներներից մեկն է»: Նա նշել է, որ այդ ձևաչափով արդեն իսկ «նախարարական երկու հանդիպում է անցկացվել, երրորդը նախապատրաստվում է»: Այնուամենայնիվ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն արձանագրել է, որ «վրացի հարևանները մասնակցությունից ձեռնպահ են մնում, բայց նրանց համար դուռը միշտ բաց է»:
Թուրքական իշխանամետ պարբերականին Լավրովի հարցազրույցը, որ նաև հեռարձակվել է TGRT Haber հեռուստալիքի եւ ռադիոկայանի եթերում, կազմակերպվել է մի փուլում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահաբար անոնսավորել է փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան փետրվարին կայանալիք այցը, որի հետ են կապվում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի զարգացումը և «Թրամփի ուղի» նախագծի հիմնարկեքը, բայց այդ թեմաները ոչ միայն շրջանցված են, այլեւ փոխակերպված են 3+3 ձևաչափով «երրորդ հանդիպումից ակնկալիքների», ասես Ռուսաստանի համար «Թրամփի ուղի» նախագիծ «գոյություն չունի»: Խիստ արտառոց է, որ թուրքական լրատվամիջոցը չի փորձել պարզել այդ նախագծի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը: Տպավորություն է, որ Լավրովը առաջարկում է վերադառնալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների «բարի ավանդույթներին»: