ԲՏԱ նախարարը հանդիպել է երեխաների թվային անվտանգությամբ մտահոգ ծնողների հետ․ քննարկվել են նրանց անվտանգությանն առնչվող հարցեր


 

ԲՏԱ նախարարը հանդիպել է երեխաների թվային անվտանգությամբ մտահոգ ծնողների հետ․ քննարկվել են նրանց անվտանգությանն առնչվող հարցեր

  • 30-01-2026 16:00:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել իրենց երեխաների թվային անվտանգությամբ մտահոգված ծնողների հետ՝ քննարկելու երեխաների կողմից մի շարք խաղային հարթակներ օգտագործելու ընթացքում ի հայտ եկող վտանգները։ Հանդիպմանը ներկա է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
 
Հանդիպումը նախաձեռնվել էր ի պատասխան վերջին շրջանում նախարարության ստացած բազմաթիվ դիմումների, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակներին։
 
Բաց և կառուցողական քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: Հնչել են կարծիքներ, համաձայն որոնց պետությունը պետք է ոչ թե ընտրի արգելքների ճանապարհը, այլ  օգնի քաղաքացիներին՝ գտնել առավել անվտանգ և արդյունավետ մեխանիզմներ իրենց երեխաներին առցանց միջավայրում առկա վտանգներից պաշտպանելու համար։
 
Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև փաստարկներ, որ ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ և լուծումներ, որոնք նպաստում են առցանց հարթակներից գրագետ օգտվելուն և ռիսկերի նվազեցմանը։ Խնդիրը հիմնականում այդ գործիքների վերաբերյալ իրազեկվածության պակասն է, ուստի կարևոր է ապահովել համապատասխան տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիների առավել լայն շրջանակների համար։
 
Ընդգծելով քննարկման կարևորությունը՝ նախարար Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին ակտիվ ներգրավվածության և խնդրի բարձրաձայնման համար։ Նախարարի խոսքով՝ թվային անվտանգության հարցերի լուծումը պետք է հիմնված լինի կրթական և իրազեկման գործընթացների վրա, և, որ պետության նպատակը ոչ թե սահմանափակումների կամ արգելքների կիրառումն է, այլ իրազեկվածության վրա հիմնված անվտանգ թվային միջավայրի ձևավորումը։
 
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր հերթին ընդգծել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ, քանի որ տեխնիկական շրջանցման բազմաթիվ հնարավորություններ կան: Նրա գնահատմամբ՝ առանց ծնողների գիտակցված մասնակցության, հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը թվային միջավայրում։
 
Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ լավագույն մոտեցումը ոչ թե խաղերի արգելափակումն է, այլ ծնողների իրազեկվածությունը և մեդիագրագիտության մակարդակի բարձրացումը։ Ընդգծվել է, որ ծնողները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ խաղեր են յուրացնում իրենց երեխաները, ինչ բովանդակության կարող են բախվել, ինչ հնարավոր ռիսկեր կան և ինչ գործիքներով կարող են վերահսկել ու նվազեցնել այդ ռիսկերը:
 
Հանդիպման ավարտին ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ թեմայի շուրջ քննարկումները և համատեղ աշխատանքը շարունակելու ուղղությամբ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն