Ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ
30-01-2026 16:15:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Անդրադառնալով աշխատանքի կազմակերպմանը՝ Կամո Ցուցուլյանը կարևորել է ստորաբաժանումների պատասխանատվության գոտիների վերլուծությունն ու խնդիրների գույքագրումը։ Ըստ նրա՝ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններից բխող թիրախային միջոցառումների իրականացմամբ ու Ոստիկանության հենասյունային մյուս ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ:
Ոստիկանության պետը հանձնարարել է հակաօրինական ցանկացած դրսևորման դեմ ծավալել անաչառ ու հետևողական պայքար՝ նշելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ցուցաբերի վճռականություն և պատասխանատվություն՝ իր վարքագծով ձևավորելով ոստիկանի օրինակելի կերպար։
Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրմամբ հանցագործությունների կանխման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները, կատարելագործել ընտանեկան բռնության և անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելման գործիքակազմերը:
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը, ամփոփ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները, վստահեցրել է, որ վարչության և տարածքային ստորաբաժանումների ողջ ռեսուրսը կուղղվի նախանշված առաջնահերթությունների իրագործմանն ու բացթողումների շտկմանը:
Քննարկվել են նաև կարգապահական, մասնագիտական պատրաստվածության և ծառայողական բնույթի այլ հարցեր։