Միրզոյանը ջերմ և արդյունավետ քննարկում է ունեցել Մարթա Կոսի հետ


 

Միրզոյանը ջերմ և արդյունավետ քննարկում է ունեցել Մարթա Կոսի հետ

  • 30-01-2026 16:31:09   | Բելգիա  |  Մամլո հաղորդագրություն



Հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ 
 
Զրուցակիցները քննարկել են նախորդ տարվա դեկտեմբերին ընդունված ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
 
Հանգամանալից անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի, առաջիկայում նախատեսվող բարձրաստիճան այցերի օրակարգային հարցերի: Ընդգծվել է նոր շոշափելի արդյունքների ապահովմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը:
 
Անդրադարձ է կատարվել «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացմանը, ինչպես նաև գոհունակությամբ նշվել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամի ներքո Հայաստանին երկրորդ փուլով տրամադրման վերաբերյալ կայացված որոշումը:
 
Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ժողովրդավարական բարեփոխումների և դիմակայունության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
 
ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ հանձնակատարն անդրադարձ են կատարել տարածաշրջանային Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված այլ քայլերի:
 
 ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն