Բաքուն «մտահոգված» է ԱՄՆ փոխնախագահի այցի անվտանգությամբ. քաղաքական մանև՞ր, թե՞ աշխարհաքաղաքական խարդավանք
30-01-2026 17:20:44 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Իշխանական haqqin.az-ի համար մեկնաբանելով ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան հավանական այցը, ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիևն այն գնահատել է «ամենևին էլ ոչ խորհրդանշական»: Նրա ընկալմամբ, չնայած այցի նպատակ է հայտարարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացի հետագա առաջընթացը և «Թրամփի երթուղու» գործարկումը, Իրանի հյուսիսային սահմանի մոտ ԱՄՆ փոխնախագահի հնարավոր հայտնվելը շատ բան է ասում»:
Նկատենք, որ երկու օր առաջ նույն լրատվամիջոցը բառացիորեն նույն միտքն է հրապարակայնացրել: Եվ եթե նկատի առնենք, որ ադրբեջանական մամուլում նման զգայուն թեմայով ոչ ոք «ինքնագործունեությամբ չի զբաղվում», ապա Հայաստանի հարավ, ավելի կոնկրետ՝ Իրանի հետ Հայաստանի սահման ԱՄՆ նախագահի «այցի» շուրջ ադրբեջանական կողմի «անհանգստությունը» բոլորովին այլ ենթադրությունների տեղիք տալիս:
Դրանք ավելի են «մարմնավորվում», երբ հետևում ենք ադրբեջանցի քաղաքագետի դիտարկումների ընթացքին: Նա չի բացառում, որ ԱՄՆ փոխնախագահը Երևանում և Բաքվում «Հարավային Կովկասի անվտանգության և Իրանի գոյության համար տրանզիտային ցավոտ հարցերի շուրջ փակ քննարկումներ կունենա» և եզրահանգում, որ քաղաքագիտական վերլուծությունն այստեղ «մտնում է ենթադրությունների տիրույթ»:
«Ուրախ կլինեի, եթե սխալվեի, բայց կարծում եմ, որ Վենսը մեր կողմեր կայցելի այաթոլլաների ռեժիմի փլուզումից հետո: Ամերիկյան ողջախոհությունը թույլ չի տա ԱՄՆ կարգավիճակով երկրորդ քաղաքացուն դարձնել հոգեվարք ապրող իրանական արմատականության լեգիտիմ թիրախ»,- կարծում է Ռզակուլիևը: Նույնիսկ քաղաքական տեքստի հետ որոշակի խնդիրներ ունեցողի համար, համոզված ենք, պարզ պիտի լինի, որ այս դեպքում ամենեւին էլ «քաղաքագիտական ենթադրության» հետ չէ, որ գործ ունենք:
Իրանի փոխարտգործնախարար Ջալալզադեն ընդամենը մեկ շաբաթ առաջ է այցելել Բաքու, որտեղ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանին, ապա «պատերազմը դուրս կգա նրա սահմաններից»: Այնուհետև Ադրբեջանի նախագահը հյուրընկալել է Իսրայելի արտաքին գործերի նախարարին, ինչին հետևել է Բաքվում Իսլամական հանրապետության դեսպանատան չափազանց կոշտ հայտարարությունը: Թեհրանը Բաքվին «հորդորել է զերծ մնալ տարածաշրջանում անկայունություն սադրելու սիոնիստական ռեժիմի սադրանքներին ներգրավվելուց»:
Այս համատեքստում Ալիևի համար, անշուշտ, ցանկալի կլիներ, որ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցը հետաձգվեր: Թերևս, նման մտադրության բացահայտում կարելի է համարել Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության շաբաթասկզբին տարածած հաղորդագրությունը, որի համաձայն Բաքվում ձերբակալվել են «Վելայաթ Խորասան» և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների երեք անդամներ, որոնք, ի դեպ, Ադրբեջանի քաղաքացիներ են:
Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ենթադրել, որ Իլհամ Ալիևը բոլորովին էլ շահագրգռված չէ, որ ԱՄՆ փոխնախագահի մակարդակով «Թրամփի ուղի» նախագծի հիմնարկեքը կայանա: Բաքուն, ամենայն հավանականությամբ, ձգտում է հնարավորինս խուսափել անցյալ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված խիստ սկզբունքային պայմանավորվածությունների ինստիտուցիոնալացումից:
Հավանաբար, Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի ստորագրումը կապում է «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից չեղարկելու «անհրաժեշտության» հետ: Կամ էլ Ադրբեջանը «ներգրավվում է տարածաշրջանում լրջագույն խարդավանք իրականացնելու երրորդ երկրի նախաձեռնությանը», բայց դա քիչ հավանական է թվում: