«Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանները կրկին էկրանին են, բայց այս անգամ կինոթատրոնների․ Երևանում կայացավ «Ֆուլ հաուս․ վայրէջք» ֆիլմի պրեմիերան
30-01-2026 18:12:49 | Հայաստան | Հասարակություն
12 տարի հեռուստաեթերում եղած և բազմաթիվ հեռուստադիտողների կողմից սիրված «Ֆուլ հաուս» սիթքոմի դերասանները կրկին էկրանին են, բայց այս անգամ կինոթատրոնների։ Հունվարի 29–ին «Կինոմոսկվայում» կայացավ արդեն 1,5 ժամ տևողությամբ «Ֆուլ հաուս․վայրէջք» ֆիլմի պրեմիերան։
Ինչպես պրեմիերային հաջորդած ասուլիսի ժամանակ նշեց սցենարի համահեղինակ, դերասան Գրիգոր Դանիելյանը, իրենց կյանքում բեկումնային դարձած սիթքոմի հետ կապված մարդիկ բազմիցս հետաքրքրվել են, թե ե՞րբ է լինելու նոր «Ֆուլ Հաուսը»։
«Կարծում եմ, բոլորը կփաստեն, որ բարևից հետո մեզ ամենաշատը հարցրել են «Ե՞րբ ա լինելու Ֆուլ հաուսը», դրա համար էլ որոշեցինք վերջնականապես փակել այդ հարցը, բայց չէինք կարող անել սեզոն, մեզ պետք էր մեկ քայլ առաջ անել»,– մանրամասնեց է Գ․ Դանիելյանը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի (Մենչ) խոսքերով՝ «Ֆուլ հաուս» սիթքոմի ավարտից հետո անցել է 7 տարի, և դերասաններից յուրաքնաչյուրն այս ընթացքում զբաղվել է իր գործունեությամբ ու կյանքով, գտնվել են տարբեր երկրներում, դրա համար նախ խնդիր է դրվել նրանց բոլորին հավաքել, ինչն առանձանապես դժվար չի եղել իրականացնել, որովհետև առաջարկը եղել է սպասված։
«Ֆիլմը չպետք է կրկներ սիթքոմի բովանդակությունը: Հայաստանյան սիթքոմերի պատմության մեջ առաջինն է, որ որպես ֆիլմ է բարձրանում էկրան։ Ֆիլմում ուղիղ կատակներ չկան, հումորային իրավիճակներ են: Նաև ուզում էինք, որ այն միայն հումորային չլինի, այլ ֆիլմում լինի զգացմունք, սեր ու դրամա»,– նշեց Ա․ Պետրոսյանը՝ հավելելով, որ ֆիլմի պրեմիերաներ նախատեսված են ինչպես Հայաստանի տարբեր քաղաքներում, այնպես էլ Ռուսաստանի, ԱՄՆ–ի և Եվրոպայի մի շարք քաղաքներում։
Ըստ դերասանուհի Մարջան Ավետիսյանի՝ խաղի առումով հանդիսատեսը դիսոնաս չի տեսնի, քանի որ խաղացել են նույն եռանդով ու էմոցիաներով, ինչ սիթքոմի ժամանակ, սակայն փաստ է, որ մի փոքր մեծացել են ֆիզիկական տեսքի առումով։
Ֆիլմի նկարահանումներին չի կարողացել մասնակցել սիթոքմում Զառային մանրմնավորող Քրիստինա Եղոյանը։
Դերասանուհի Արփի Գաբրիելյանն էլ նկատեց, թեև նկարահանումներն իրականացվել են անտառում ու բավականին դժվար պայմաններում, բայց իրենք այդ դժվարությունները չեն զգացել․ «Բոլորս այնքան ջրիկ էինք, որ չէինք զգում դժվարությունները»։
«Ֆուլ հաուս. վայրէջք» ֆիլմի գլխավոր ուղերձը սերն է. «Այն այսօր շատերի կյանքում բացակայում է։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, եթե մարդիկ սիրում են իրար, հարգում են և միասին են, կարող են հասնել ամեն ինչի՝ անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը։ Եկեք, որպես ամփոփում, ֆիլմի համար ընտրենք այս բառերը՝ սեր, հոգատարություն, համախմբվածություն, ընկերություն»,– ընդգծեց Ա․ Պետրոսյանը։
«Ֆուլ հաուս․վայրէջք»–ում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Մոսո Կարապետյանը, Գարիկ Սեփխանյանըև Աղաս Մանուկյանը։ Ֆիլմի ռեժիսորը Կարեն Արամյանն է։