Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ


 

Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը. Թրամփ

  • 31-01-2026 17:08:01   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

1lurer.am  Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը: Նրա խոսքով՝ Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցություններն արդյունավետ են եղել, և առաջիկա հանդիպումներում էլ կարող է առաջընթաց գրանցվել:
 
«Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ հնարավորություններ ունենք»,- նշել է ԱՄՆ նախագահը։
 
Աբու Դաբիում հունվարի 23-24-ը կայացած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ Կիևի ու Մոսկվայի թիմերին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռ մնում է տարածքների և անվտանգության երաշխիքների հարցը: Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցության:
 
Ինչ վերաբերում է ավելի վաղ Վաշինգտոնի միջնորդությամբ հայտարարված էներգետիկ հրադադարին՝ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերն ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին: Նա հավելել է, որ ուկրաինական կողմը ևս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը