Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել. փաստաբան
31-01-2026 17:36:29 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ «այսօր առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:
Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Ավելի ուշ, փաստաբան Արմինե Ֆանյանը Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց՝ այսօր կոմիտե են հրավիրվել Հովնան սրբազանը, Մակար սրբազանը, տեր Մովսես քահանան: «Կարծում ենք՝ նպատակը եպիսկոպոսաց ժողովը տապալելն է, որովհետև հոգևոր խորհրդի անդամները ծանուցվել են միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով: Սա էլ է եզակի բան: Նշանակում է՝ արդեն քրեական հետապնդում հարուցելու որոշում կա, կընտրվեն խափանման միջոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը: