02-02-2026 14:49:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am. Իրաքի խորհրդարանի շիադավան խմբակցությունները մտադիր չեն հրաժարվել Նուրի ալ-Մալիքիին վարչապետ նշանակելու մտադրությունից, թեև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ այդ դեպքում կդադարեցնի ցուցաբերվող օգնությունը: Իրաքում ալ-Մալիքիի իշխանության վերադարձին դեմ է Թուրքիան: Ալ-Մալիքին համարվում է իրանամետ: Անկարայում մտահոգված են, որ նա կարող է «խոչընդոտել «Թուրքիան՝ առանց ահաբեկչության» ծրագրի իրականացմանը», ինչպես նաև «ամրապնդել Իրանի հետ համագործակցությունը և այն բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ԱՄՆ և Իրանի նախագահների միջև հեռախոսազրույց է կազմակերպել»: Քաղաքագետ Հասան Օկտայի գնահատմամբ՝ Իրանի շուրջ իրավիճակի բանակցային կարգավորման հասնելու համար «Թուրքիան և Կատարը պատմական նշանակության քայլ են կատարել»: Ավելի վաղ մամուլը գրել է, որ Թուրքիան և Կատարը Միացյալ Նահանգներին հորդորել են ձեռնպահ մնալ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելուց:
Պրոֆեսոր Օքթայը Turkie պարբերականին ասել է, որ Իրանի «պետական կառավարման կառուցվածքում լուրջ փոփոխություններ են սպասվում»: Նրա տեղեկացվածությամ, «քննարկվում է հարցը, թե Իրանի նոր վարչակազմը կձևավորվի Պակիստանի օրինակո՞վ, թե՞՝ ըստ թուրքական օրինակի»: Ամեն դեպքում, ըստ թուրք քաղաքագետի, Իրանում «Վելայաթ-ի ֆաղիհի ինստիտուտը կլուծարվի, կկազմացրվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»: Հասան Օկտայը նաև ասել է, որ «քննարկվում է Խամենեիին Թուրքիա հրավիրելու հարցը»: Խոսքն, ըստ երևույթին, Իսլամական հեղափոխության առաջնորդին Թուրքիայում «քաղաքական ապաստան տրամադրելու» մասին է, իսկ դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ նա հրաժարական տա, և Իրանում կրոնապետությունը փլուզվի:
Թուրք մեկ այլ քաղաքագետ, պրոֆեսոր Ալի Գյուրսոնը տեսակետ է հայտնել, որ Անկարան «ճիշտ ժամանակին կողմնորոշվել է, որ Պահլավիի վերադարձն իսրայելական նախագիծ է և համապատասխան դիրքորոշում է ընտրել»: Նա Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել այդ «հարցում հզոր դիրքեր կառուցել»: Գյուրսոնն Իրանի դեմ պատերազմը համարել է «Նաթանյահուի միակ հնարավորությունը, քանի որ հրդեհից առավելապես կտուժի Թուրքիան»:
Այս ֆոնին «Անադոլուն» փոխանցել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքի տեսակետը, ըստ որի՝ Էրդողանի և Նաթանյահուի «անհաշտ հռետորաբանությունը միայն քաղաքականություն է, որի նպատակը ներքին խնդիրների լուծումն է»: Նույն օրը, մինչդեռ, Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին նկատել է տվել, որ Թուրքիան և Իսրայելը Միացյալ Նահանգների համար «համարժեք դաշնակիցներ չեն»:
Իրանի շուրջ իրավիճակն, այսպիսով, բացահայտում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ քաղաքականության բարդությունը: Չկա երաշխիք, որ ռազմական ուժի կիրառումը կհանգեցնի կրոնապետության փլուզման, մյուս կողմից փորձագետների մեծամասնությունը համոզված է, որ այաթոլլա Ալի Խամենեիին Դոնալդ Թրամփի նախապայմանները երբեք չի ընդունի:
Թուրքական աղբյուրներն ակնարկել են, որ Էդողանը Թրամփին երաշխավորել է, որ Թուրքիան «կարող է անխաթար և անվտանգ պահպանել իրանական հարստացված ուրանի պաշարները»: ԱՄՆ-ն կճանաչի՞ «միջուկային» Թուրքիան: