Աբու-Դաբիում «կնախապատրաստվի ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցը»


 

Աբու-Դաբիում «կնախապատրաստվի ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցը»

  • 03-02-2026 11:50:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1in.am. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 4-ին Աբու-Դաբիում ներկա կգտնվի «Մարդկային բարեկամություն» մրցանակի հանձնման արարողությանը, որին արժանացել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ նա նույն օրը նույնպես կմասնակցի մրցանակաբաշխությանը: Պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ Աբու-Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա, վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը միայն կրկնել է, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի արարողությանը:
 
«Մարդկային բարեկամություն» մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ռուս-ամերիկա-ուկրաինական «խորհրդատվությունների» երկրորդ փուլի մեկնարկի օրը: Չնայած ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ասել է, որ այդ քննարկումները կլինեն հիմնականում երկկողմ, «համենայնդեպս Ուիթկոֆը և Քուշներ չեն մասնակցի», axsios- ի աղբյուրները հայտնել են, որ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը փետրվարի 3-ին մեկնելու է Երուսաղեմ, այնուհետև՝ Աբու-Դաբի:
 
Թուրքական աղբյուրներն իրենց հերթին տեղեկություն են տարածել, որ «մոտակա օրերին Անկարայում ծրագրվում է Իրանի արտգործնախարարի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի հանդիպում»: Նման կանխատեսման հիմք է ծառայել Իսլամական հանրապետության արտգործնախարարի հայտարարությունը, որ միջուկային զենքը բացառելու մասին նախագահ Թրամփի պահանջը հասկանալի է, եթե Միացյալ Նահանգները պատրաստ է պատժամիջոցները չեղարկել, ապա «դա կլինի ամենալավ գործարքը»:
 
Եթե այդ և ռուս-ուկրաինական «խորհրդատվությունների» երկրորդ փուլին Ուիթկոֆի մասնակցության մասին տեղեկությունները հիմնավոր են, ապա տպավորություն է, որ «Մարդկային բարեկամություն» մրցանակաբաշխության օրը պատահական չի ընտրված: Իրանի շուրջ իրավիճակը, Գազայի կարգավորման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը, ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացը չեն կարող չազդել հայ-ադրբեջանական հարաբերություններին:
 
Այս առումով հատկապես առանձնանում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցի անոնսը, որ անձամբ արել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդիվ նկատել ենք, որ միջազգային առկա «խառնաշփոթի» պայմաններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կարծես, Վենսի այցին առանձնակի խանդավառությամբ չի վերաբերվում, կարծես թե կցանկանար, որ այն հետաձգվի:
 
Ստացվում է, որ փետրվարի 4-ին Աբու-Դաբիում միաժամանակ կարող են գտնվել Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ընդ որում, Փաշինյանը և Ալիևը մրցանակի են արժանացել անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու և խաղաղության գործընթացը մինչև վերջ հետևողականորեն առաջ տանելու հանձնառության համար:
 
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի «դիվանագիտական մարաթոնը» Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպման «հանգրվան» ունի՞: Տրամաբանությունը հուշում է, որ պետք է ունենա: Մանավանդ որ անցյալ տարվա օգոստոսի պայմանավորվածություններին նախորդել է Փաշինյան-Ալիև Աբու-Դաբիի հանդիպումը: Մրցանակը ոչ միայն վաստակի գնահատանք է, այլև՝ հետագա պատասխանատվության առհավատչյա: Իսկ գործընթացի քաղաքական երաշխավորը Միացյալ Նահանգների նախագահն է, ուստի նրա հատուկ ներկայացուցիչը «պետք է Աբու-Դաբիում նախապատրաստի փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

04-02-2026 22:36 | Ասուլիս

նեոս