Բաքվի տեղեկատվական հոսքերը Ռուսաստանի հետ իրական հարաբերությունների մասին չեն
03-02-2026 17:12:19 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը փետրվարի 3-ին հայտնել է, որ անցկացված հետաքննությունների ընթացքում «ապացուցվել է Ռեալ Նաբիևի, Ֆարիս Հուսեյնովի և Մուրով Միրհաշիմլիի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հսկողության ներքո մարտական գործողություններին մասնակցությունը»: Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող հիշյալ անձանք «2026թ. հունվարին ձերբակալվել են, դատարանի վճռով նրանց նկատմամբ կալանքը ընտրվել է որպես խափանման միջոց»:
Ադրբեջանի ՊԱԾ-ի հայտարարության ուշագրավ կողմը ոչ այնքան երեք անձի նկատմամբ քրեական հետապնդման հանրայնացնում է, որքան հետևյալ արձանագրումը. «Ստացված տեղեկության համաձայն, անցած ժամանակաշրջանում զգալի թվով Ադրբեջանի քաղաքացիներ մասնակցել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ մարտական գործողություններին, որի հետևանքով նրանցից շատերը զոհվել են անհայտ կորել կամ վիրավորում ստացել, ինչպես նաև պարզվել է, որ ոմանք պահվում են գերության մեջ»:
Ավելի վաղ ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցում է «պահեստազորի ավելի քան հազար ադրբեջանցի զինծառայող, այդ թվում՝ սպաներ»: Իշխանական haqqin.az-ը, վկայակոչելով Ուկրաինայում անհայտ կորած մի քանի ադրբեջանցիների հարազատների, ներկայացրել է, որ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները «զբաղվում են հավաքագրմամբ»: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները նշում են, որ Ռուսաստան են մեկնում հատկապես ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցները, քանի որ «Ալիևի իշխանությունը նրանց սոցիալ-կենցաղային խնդիրները չի լուծում»:
Ադրբեջանը ՊԱԾ-ը կրկին դիմել է քաղաքացիներին և զգուշացրել, որ այլ երկրի տարածքում ռազմական գործողություններին մասնակցությունը համարվում է վարձկանություն և քրեորեն հետապնդվում է և սպառնացել, որ այսուհետև այդ կարգի անձանց պատասխանատվության հարցը «լուծվելու է օրենսդրությամբ սահմանված կարգով»: Ընդ որում, ինչպես հասկացվում է հաղորդագրությունից, խոսքը վերաբերում է թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին մասնակցած անձանց, որ վարձկանությանը հավաքագրվել են՝ հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի:
Դա արդեն խոսում է Ադրբեջանի ՊԱԾ-ի իրականացրած գործողությունների և այդ մասին տարածած տեղեկատվության քաղաքական բնույթի մասին: Հավելյալ ի՞նչ խնդիրներ են ծագել Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերություններում: Իշխանամերձ մամուլը վերջին օրերին բարձրացրել է Ռուսաստանում «ադրբեջանցի գործարարների նկատմամբ գործադրվող ճնշումների» հարցը: Որքանո՞վ են այդ տեղեկությունները հավաստի կամ հերյուրած՝ պարզ չէ: Բաքվի տեղեկատվական հոսքերն ամենևին էլ ռուս-ադրբեջանական իրական հարաբերությունների մասին չեն: Թե ինչո՞ւ է Բաքուն հարաբերություններում «ճգնաժամի խորապատկեր» ստեղծում, կարելի է միայն ենթադրել: