Մենք նվազագույն կենսաթոշակը բարձրացրել ենք մի քանի անգամ. Արսեն Թորոսյան
04-02-2026 13:56:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer. Մենք շատ ենք կարևորում մեր կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավումը, որի մեջ մտնում է նաև կենսաթոշակի վճարումը ինքնին, բայց ոչ միայն: Այդ մասին ԱԺ-ում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
«Մենք հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի՝ պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից ծառայություններ մատուցելով: Այս հարցին Կառավարությունը վերջին տարիներին անդրադառնում է նորարարական գործիքներով, որը հետվճարն է: Բոլոր մեր քաղաքացիները՝ 660 հազարից ավելի, և որոշ այլ քաղաքացիներ, որոնք այլ տեսակի նպաստներ են ստանում, կարող են իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալիս իրականացնել առևտրի կետերից անկանխիկ ձևով և ստանալ հետվճար, որը մինչև հունվարի 1-ը եղել է 12 տոկոս՝ մինչև 6 հազար դրամ, որն արդեն հունվարին դարձել է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր բազային թոշակն ավելացնել 10 հազար դրամով»,- նշեց նախարարը:
Նա ընդգծեց, որ կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացել են ոչ հետվճարի մեխանիզմով:
«Մենք նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ, և գիտեք, որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը, ըստ էության, կոչվում է ծերության նպաստ, կազմում է 36 հազար դրամ, նախկինում դա եղել է 16 հազար դրամ: Միջին կենսաթոշակը, առանց հետվճարի, վերջին տվյալներով կազմում է 49500 դրամ, որի վրա կարող է ավելանալ պոտենցիալ 10 հազար դրամը»,- ասաց Արսեն Թորոսյանը: