ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի հետ բանակցությունները Թուրքիայից տեղափոխել Օման
04-02-2026 15:58:42 | | Ի՞նչ է գրում մամուլը
1lurer.am Ուրբաթ՝ փետրվարի 6-ին, Օմանում տեղի կունենան ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի մասնակցությամբ: Օրակարգում է լինելու Իրանի միջուկային ծրագիրը:
Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու վերաբերյալ։ Թեհրանը խնդրել է փոխել ոչ միայն բանակցությունների վայրը, այլև՝ ձևաչափը։ Իրանը կողմ է ԱՄՆ-ի հետ երկկողմ հանդիպումներին՝ առանց մի քանի մուսուլմանական երկրի մասնակցության։
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին հայտարարել էր, որ Իրանի նախագահի հանձնարարականներին համապատասխան՝ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։
Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Իրանի հետ բանակցություններ են ընթանում, և առաջիկայում դրանք կշարունակվեն: ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ ռազմական սցենարից հնարավոր կլինի խուսափել։ Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը խոցել են իրանական անօդաչու թռչող սարք, որը մոտեցել է Արաբական ծովում ամերիկյան ավիակրին և ագրեսիվ գործողություններ է կատարել: Քերոլայն Լևիթը նաև ընդգծել է, որ այդ միջադեպը չի խանգարի բանակցային գործընթացին: