Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առեւտրի իրականացման գործընթացում


 

Նոր կարգավորումներ ԵԱՏՄ շրջանակում էլեկտրոնային առեւտրի իրականացման գործընթացում

  • 04-02-2026 16:06:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախատեսվում է սահմանել էլեկտրոնային առեւտրի ապրանքների հասկացությունը, էլեկտրոնային առեւտրի ապրանքների ներմուծման եւ արտահանման ժամանակ իրականացվող մաքսային գործառնությունների կարգի առանձնահատկությունները, էլեկտրոնային առեւտրի ապրանքների հայտարարագրերի պարզեցման ձեւը եւ նմանատիպ այլ կարգավորումներ: Սա վերաբերում է երրորդ երկրների էլեկտրոնային առեւտրին: «Մաքսային կարգավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը:
 
Զեկուցողը ներկայացրել է գործող ընթացակարգը, նշել, որ էլեկտրոնային առեւտուրը ԵԱՏՄ-ն առանձնացնում է երկու մասի՝ ուղիղ մատակարարում ֆիզիկական անձին եւ համապատասխան տնտեսավարողների կողմից մատակարարում պահեստից: Նշվել է, որ ֆիզիկական անձին ուղիղ մատակարարման դեպքում մաքսատուրքերը վճարվում են ՀՀ բյուջե, իսկ մաքսային պահեստից առաքման դեպքում մաքսատուրքի վճարները, ինչպես մնացած ներմուծումների պարագայում, կգնան ընդհանուր ԵԱՏՄ բյուջե, եւ Հայաստանը կստանա իր մասնաբաժինը:
 
Համլետ Սահակյանի խոսքով սահմանվում են մաքսային մարմին ներկայացման ժամանակ հայտարարագրում ներառված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի ներկայացման դեպքերը: Էլեկտրոնային առեւտրի ապրանքների բացթողումից հետո դրանց առեւտրային նպատակներով օգտագործման դեպքում անձանց պատասխանատվություն է նախատեսվում սահմանել:
 
Սահմանվում է էլեկտրոնային առեւտրի չպահանջված ապրանքների ԵԱՏՄ տարածքից արտահանման դեպքում դրանց փոխադրման կարգը, մաքսային պահեստներում գտնվող էլեկտրոնային առեւտրի ապրանքների՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերումներից հետո դրանց՝ այդպիսի պահեստներից դուրսբերման եւ անձանց առաքման ժամանակ մաքսային մարմնին ծանուցման կարգը: Նախատեսվում է նաեւ ֆիզիկական անձանց իրացված եւ առաքված ապրանքների վերադարձի ու մաքսային պահեստներում տեղակայման նպատակներով մաքսային մարմնին ծանուցման կարգի, էլեկտրոնային առեւտրի ապրանքների համար մաքսային վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում մաքսային մարմինների կողմից տույժերի գանձման, ծանուցումների ուղարկման, բռնագանձման միջոցների սահմանում: ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ լրացուցիչ տուրքեր չեն սահմանվում, պարզապես հստակեցումներ են կատարվում:
 
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ արժանացել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն