Ալիևը «հակադրվում» է Էրդողանին


 

Ալիևը «հակադրվում» է Էրդողանին

  • 04-02-2026 16:13:27   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Փետրվարի 3-ին Իսրայելը և Ադրբեջանը արհեստական բանականության ասպարեզում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Ըստ ադրբեջանական մամուլի, իսրայելա-ադրբեջանական հուշագիրը ենթադրում է «համագործակցություն գերհամակարգիչների, կրիտիկական կարևորության քաղաքացիական հավելվածների (ըստ երևույթին, խոսքը ենթակառուցվածքների կառավարման թվայնացման մասին է), մարդկային ռեսուրսների զարգացման և համատեղ հետազոտությունների բնագավառում»:
 
Որտե՞ղ և ի՞նչ մակարդակով է ստորագրվել ԱԲ ոլորտում իսրայելա-ադրբեջանական հուշագիրը, մանրամասնություններ դեռեւս հայտնի չեն: Փետրվարի 4-ին այդ առթիվ Բաքվում Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսն ասել է, որ հուշագրի ստորագրումը երկկողմ «հարաբերությունների խորացման խորհրդանիշն է»: Իշխանական haqqin.az-ի փոխանցմամբ՝ նախօրեին, «ելույթ ունենալով, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Իլհամ Ալիևին ողջույններ է փոխանցել»:
 
Լրատվամիջոցը, հղում անելով Բաքվում Իսրայելի դեսպանատան կայքին, մեջբերել է Նաթանյահուի այս խոսքը. «Մենք միշտ ասում են. «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»: Ասեք նրան (Իլհամ Ալիևին). «Այս տարի՝ Երուսաղեմում»: Թող նա գա և այցելի մեզ: Նրան շատ ջերմ կողջունեն»: Պարզ չէ, թե Իսրայելի վարչապետը ի՞նչ միջոցառման է ելույթ ունեցել: Ստույգ է, որ նա այդ հայտարարությունն արել է, երբ Իլհամ Ալիևը գտնվել է Աբու-Դաբիում, իսկ Թուրքիայի նախագահ Ռեեջփ Թայիփ Էրդողանը՝ Էր-Ռիադում:
 
Ավելի վաղ նկատել ենք, որ միջազգային և տարածաշրջանային քաղաքականության հարցերում Պարսից ծոցի արաբական երկու ազդեցիկ երկրները, մեղմ ասած, միշտ չէ, որ համակարծիք են: Դա ավելի ընդգծված է դրսևորվում Իսրայելի հետ հարաբերությունների հարցում: Աբու-Դաբին, ի տարբերություն Էր-Ռիադի, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել դեռևս 2020թ.-ին: Իր հերթին Ադրբեջանը Էմիրությունների հետ շատ ավելի սերտ կապեր ունի, քան՝ Սաուդյան Արաբիայի:
 
Հունվարի 27-ին Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը Բաքվում Ալիևի հետ բանակցություններ է վարել: Շատ հավանական է, որ անցած երկու օրերին ԱՄԷ և Ադրբեջանի նախագահները քննարկել են նաև Իսրայելի համար «զգայուն» հարցեր: Երուսաղեմում Ալիևին «ջերմ ողջունելու» Նաթանյահուի պատրաստակամությունը կարող է լինել միայն «մատուցած ծառայությունների գնահատման» դիվանագիտական դրսևորում:
 
Պաշտոնական Բաքուն մշտապես հանդես է եկել 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստին ստեղծելու հրապարակային կեցվածքով: Ալիևը վերջերս ասել է, որ պաղեստինյան կարգավորումը պաղեստինցիների և արաբական երկրների խնդիրն է: Կարելի է հասկանալ, որ նա իրական քաղաքականության ռեժիմում Պաղեստինի անկախության ջատագով չէ: Էր-Ռիադում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ հայտարարություն են ստորագրել, որի կետերից մեկը հատուկ վերաբերում է Պաղեստինին: Կողմերը վերահաստատել են մտադրությունը՝ մինչև վերջ աջակցելու 1967թ. սահմաններում, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի պետության կայացմանը և հաստատմանը: Ալիևը հակադրվո՞ւմ է Էրդողանին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը