Տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» գիտական մրցույթի վերաբերյալ
04-02-2026 16:31:51 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կազմակերպվել է տեղեկատվական օր՝ «Նպատակային ծրագրեր 2027» մրցույթի վերաբերյալ, որին մասնակցել են բուհերի և գիտական կազմակերպությունների շուրջ հիսուն ներկայացուցիչներ։
Ողջունելով ծրագրի հանդեպ ներկաների հետաքրքրությունը՝ ԲԿԳԿ նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը նշել է, որ դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման նոր կարգի շրջանակում, որը հաստատվել է 2025 թվականին:
Մրցույթին կարող են մասնակցել գիտական կազմակերպությունների ու բուհերի ներկայացուցիչները՝ ներկայացնելով նպատակային ծրագրի հայտ՝ հիմք ընդունելով ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած ծրագրերի առաջարկները։
«Մրցույթն առաջնահերթ միտված է գիտական խմբի կողմից տվյալ պետական գերատեսչության կարիքներից բխող տվյալ խնդրի լուծմանը՝ գիտական նախագծի տեսքով»,- նշել է Մովսիսյանը՝ հավելելով, որ ծրագրի առաջնային նպատակը ոչ միայն որակյալ նպատակային հետազոտության իրականացումն է, այլև գերատեսչության կողմից նախագծի գիտական արդյունքի կիրառումը:
Առաջնային վերջնարդյունքին զուգահեռ՝ ծրագիրը կարող է նպաստել նաև տվյալ գիտական ուղղության զարգացմանը, նոր գիտելիքի ստեղծմանը և որակյալ գիտական հրապարակումների խթանմանը։
Հայտերի առցանց ներկայացման վերջնաժամկետը grants.hesc.am առցանց համակարգի միջոցով 2026 թ․ փետրվարի 27-ն է։