Խամենեին «ընտրեց պատերազմը», Փեզեշքիանը «կհեռացվի՞»


 

Խամենեին «ընտրեց պատերազմը», Փեզեշքիանը «կհեռացվի՞»

  • 05-02-2026 15:55:50   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am Իրանա-ամերիկյան բանակցությունները չեղյալ են հայտարարվել: ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը, որ պետք է ներկայացներ Վաշինգտոնի դիրքորոշումը, վերադառնում է Մայամի: Այդ մասին հայտնել է իսրայելական ռուսալեզու vesty-ին և, հղելով Նաթանյահուի կառավարության իրազեկ աղբյուրներին, հավելել, որ «կողմերի միջև առկա են անհաղթահարելի տարաձայնություններ»: Այլ աղբյուրների տեղեկացվածությամբ, բանակցությունները չեղյալ են հայտարարվել այն բանից հետո, երբ Իրանը պնդել է, որ պատրաստ է բացառապես երկկողմ քննարկումների, բայց՝ միայն միջուկային ծրագրի շուրջ:
 
Վաշինգտոնում այդ «նախապայմանը անընդունելի են գնահատել»: Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սահմանել է Իրանի հետ բանակցությունների օրակարգը՝ միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագիր, Մերձավոր Արևելքում իրանական պրոքսի զինված կազմավորումներ և ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունք: Թեհրանը մերժել է քննարկել հրթիռային ծրագիրը, տարածաշրջանում իր արտաքին քաղաքականությունը և «երկրի ներքին գործերին միջամտությունը»:
 
Israel Inside-ը գրել է, որ բանակցությունների ձախողումը «կազմակերպել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երբ փետրվարի 3-ին նախ փորձել է աբորդաժի ենթարկել ԱՄՆ դրոշի ներքո նավարկող լցանավը, ապա ԱԹՍ ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիրի ուղղությամբ»: Երկու դեպքում էլ իրանական կողմը մատնվել է անհաջողության, որից «հետո արտաքին գործերի նախարար Արաղչին նախ առաջարկել է բանակցությունների վայրը Ստամբուլից տեղափոխել Օմանի մայրաքաղաք Մասկատ, իսկ երբ ամերիկացիները համաձայնել են, արդեն մերժել է առաջարկված օրակարգը»:
 
Որքանո՞վ է հավաստի այս տեղեկությունը, դժվար է ասել: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները գոնե առերևույթ ձգտել է Իրանի հետ հասնել «համապարփակ գործարքի», բանակցություններ սկսելու համար շատ կոնկրետ քայլեր են ձեռնարկվել, բայց վերջին պահին Թեհրանը ներկայացրել է ամերիկյան կողմի համար ապրիորի անընդունելի նախապայմաններ: Կարելի է վստահության բավարար չափաբաժնով ենթադրել, որ բանակցությունների ձախողումը պայմանավորված է Իրանի վերնախավում սուր մրցակցությամբ:
 
Երկրում բողոքի զանգվածային ցույցերի առթիվ նախագագ Փեզեշքիանը մի քանի անգամ ասել է, որ առկա իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին իշխանություններն են: Նա կառավարության անդամներին կոչ է արել լսել ցուցարարներին: Հունվարի 8-9- ին ցուցարարների դեմ զենք է կիրառվել, սպանվել են հազարավոր մարդիկ, այդ թվում և՝ երեխաներ: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ցուցարարներին անվանել է «ահաբեկիչներ», իսկ բողոքի ցույցերը՝ «սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կազմակերպած պետական հեղաշրջման փորձ»:
 
Բանակցությունները չեղյալ հայտարարելուց հետո կտրուկ բարձրացել է ԱՄՆ կողմից Իրանի դեմ ուժ կիրառելու հավանականությունը: Փորձագետների մի զգալի մասը գտնում է, որ այաթոլլա Խամենեին «ԱՄՆ և Իսրայելի հետ պատերազմը գնահատում է ներիրանական համերաշխության և կրոնապետության շուրջ կոնսոլիդացիայի հնարավորություն»: Դա նշանակում է, որ Խամենեիի և ԻՀՊԿ բարձրաստիճան հրամանատարության համար գերխնդիրը կրոնապետության պահպանումը և իշխանության տրանզիտի ապահովումն է: Աշխարհիկ նախագահ Փեզեշքիանը մեծ ընտրություն չունի, կամ պետք է միանա «մահ Ամերիկային, մահ սիոնիզմին» կարգախոսին, կամ՝ հրաժարական տա: Բայց մինչ այդ նրան «կարող են հեռացնել», քանի որ ինքը այաթոլլա Խամենեիին «չի հեռացրել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը