ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց 27–37 տարեկան զորակոչից խուսափածներին վերաբերող նախագծին


 

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ կողմ քվեարկեց 27–37 տարեկան զորակոչից խուսափածներին վերաբերող նախագծին

  • 06-02-2026 13:28:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱԺ պաշտպանության հանձնաժողովն այսօր կողմ քվեարկեց բանակից խուսափած 27-ից 37 տարեկան հայաստանցիներին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին նախագծին: Այն քննարկվում էր՝ ԱԺ նիստին երկրորդ ընթերցմամբ ներկայացնելու համար:
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ ամբողջական, մասնակի ծառայության կամ գումարի դիմաց դասալքության պատժից ազատող նախագիծը հունվարիին ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Ընդ որում՝ դրան կողմ էին արտահայտվել նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ Այսօր, սակայն, ընդդիմադիրները ներկա չէին քննարկմանը:
 
Հայկ Սարգսյանն ասաց, որ իր նախագծի վերաբերյալ քննադատություններից մեկն այն էր, որ այս խնդիրը կարելի է լուծել համաներմամբ, սակայն ինքը կարծում է, որ նման կերպ խնդիրը չի լուծվում:
 
«Համաներումն անընդունելի լուծում է և խորապես անարդար է ծառայած զինծառայողների, վիրավորների և հատկապես զոհված զինծառայողների ընտանիքների նկատմամբ: Մենք սա արդեն անցել ենք. 2021-ին ընդունվել է Համաներման մասին օրենք, այդ պահին բանակից խուսափելու համար հետախուզվում էր 11 հազար 106 քաղաքացի: Համաներումից օգտվեց ընդամենը 1360-ը, այսինքն՝ համաներումը չլուծեց խնդիրը», - նշեց իշխանական պատգամավորը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը