Հայաստանը բանակցում է Ադրբեջանի տարածքով ևս երկու ապրանքի փոխադրման շուրջ
06-02-2026 14:49:45 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում, բանակցում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ևս երկու ապրանքի փոխադրման հնարավորության շուրջ:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:«Հիմա երկու ապրանք կա, որ քննարկում ենք, բանակցում ենք Ադրբեջանի հետ, որ դրա ներմուծման հնարավորությունն էլ բացվի»,-ասաց նախարարը:
Խոսքը տարանցիկ, այսինքն՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան փոխադրման մասին է : Նախարարը այլ մանրամասներ չհայտնեց: 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակ։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։
Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։
Գևորգ Պապոյանը հունվարի վերջին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին։