400 572 կենսաթոշակառուի ու նպաստառուի հունվարին հետվճարի տեսքով վերադարձվել է 33,3 մլրդ դրամ
06-02-2026 15:56:35 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ծանոթացել է 2025 թվականին ոլորտում իրականացված սոցիալական ծրագրերի արդյունքներին՝ կենսաթոշակներից մինչև տեղահանված անձանց աջակցություն և նոր բարեփոխումների ուղղություններ։
Նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թվականին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանն ուղղվել է 905.6 մլրդ դրամ, ինչը կազմում է պետական բյուջեի ծրագրված ծախսերի 26.3%-ը։ Հաշվետու տարվա ընթացքում իրականացվել է բյուջետային 17 ծրագիր․ այս նպատակով՝ կենսաթոշակային ապահովության ոլորտին հատկացվել է 560,271,5 մլն դրամ (61.9%), սոցիալական ապահովության ոլորտին՝ 122,676,5 մլն դրամ (13,5 %), ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին՝ 80,087.6 մլն դրամ (8.8%) և այլն։
Անդրադառնալով ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ու ծնելիության աճի բարձրացմանն ուղղված միջոցառումներին՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ 2025 թվականին շարունակվել է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցության ծրագիրը, որը Կառավարության որոշմամբ 2026 թ․ հունվարի 1-ից գործում է որպես պետական նպաստ։ 2025 թ․ծրագրից օգտվել է 45,103 երեխա․պետական բյուջեից հատկացվել է 27.1 մլրդ դրամ։ Շարունակվում է նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման գործընթացը․հաշվետու տարում օրենքով սահմանված գումարը տրամադրվել է 67,943 երեխայի (բյուջե՝ 30.2 մլրդ դրամ)։ Միաժամանակ, 2025 թ․ երեխայի ծննդյան միանվագ նպաստ է ստացել 37,420 երեխա․պետական բյուջեից հատկացվել է 20.9 մլրդ դրամ։
Նախարարը խոսել է նաև անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի դեպքում հետվճարի ծրագրի շրջանակում արձանագրված դրական ցուցանիշների մասին՝ նշելով, որ 2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջոցառումից օգտվում է 400 572 անձ։ Անկանխիկ շրջանառության ծավալը կազմում է շուրջ 359.7 մլրդ դրամ․ հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է 33,3 մլրդ դրամ։
Շարունակվում է նաև Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը, որից օգտվել է 8,165 անձ․ լիովին մարվել է 1,559 վարկ, վարկերի մարմանն ուղղվել է 1.3 մլրդ դրամ։
Զբաղվածության ապահովման ոլորտում 2025 թ․ շարունակվել են մի շարք թիրախային ծրագրեր։ Ռազմական գործողություններին մասնակցած անձանց, 2020 թ․ հետո զորացրված գործազուրկ անձանց զբաղվածության ծրագրի շրջանակում 2025 թ․ ընդգրկվել է 238 անձ (նախատեսվածի 96․4 %-ը)․ 2026 թվականին նախատեսված է 500 անձի մասնակցություն ապահովել։ Միաժամանակ, իրականացվում են միջոցառումներ՝ անապահով ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև մշակվում են նոր ծրագրեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց, 63-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների, չսովորող և չաշխատող երիտասարդների համար։
Անդրադառնալով 2025 թ․ ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանն անդրադարձել է ընտանիքների անապահովության նոր գնահատման համակարգի ցուցանիշներին։ Նախարարն ընդգծել է, որ ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը գործարկվել է 2025 թ․ մարտի 17-ից Սյունիքի ու Կոտայքի մարզերում և 2026 թ․ հուլիսի 1-ից կգործարկվի ամբողջ հանրապետությունում։ Նոր համակարգի շրջանակում ծայրահեղ անապահով ճանաչված ընտանիքները կստանան նվազագույն երաշխավորված եկամուտ՝ պարենային զամբյուղին համարժեք։ Պիլոտային մարզերում նպաստի միջին չափը 78,000 դրամ է, առավելագույն չափը՝ 200,000 դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նոր համակարգով գնահատումն ուղղված է կարիքի, այլ ոչ թե կարգավիճակի վրա, միաժամանակ աշխատունակ քաղաքացիների համար վերագրումների ինստիտուտով և աշխատանք առաջարկելով նրանց մղվելու է աշխատանքի, այլ ոչ թե համակարգում մնալուն։ Միաժամանակ, նախարարն ընդգծել է, որ անապահովության համակարգում գտնվող քաղաքացիների թիվը նվազել է, մասնավորապես, 2023 թվականի 68 հազարի փոխարեն 2026–ի փետրվարի 1–ի դրությամբ այդ թիվը հասել է 48 հազար 900–ի։ Լավարկվում է նաև e-work համակարգը, որը կարող է աշխատատեղերի առաջարկների թվով դառնալ ամենամեծ կարիերայի կենտրոնը։
Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը ևս պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44,414 անձի տրամադրվել է 40,000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։ Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ․ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թ․օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):
Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը նաև շեշտել է, որ ոլորտային բարեփոխումները շարունակվում են հավասար հնարավորությունների ապահովման ոլորտում՝ երեխաների իրավունքների պաշտպանության, կանանց հիմնահարցերի և մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ուղղություններով։ Արսեն Թորոսյանը նշել է, որ 2025 թ․ աջակցող միջոցներով ապահովվել է շուրջ 16,000 անձ, 8 ցերեկային կենտրոններում սոցիալ-վերականգնողական ծառայություններ է ստացել հաշմանդամություն ունեցող 445 անձ, 215 անձ օգտվում է անձնական օգնականի ծառայությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաների տնային խնամքի ծառայությունից՝ 170 անձ։
Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջիկայում կվերանայվեն և կհստակեցվեն սոցիալական բնակարանների տրամադրման քաղաքականությունն ու ընթացակարգերը։
Ամփոփելով՝ նախարար Թորոսյանը ներկայացրել է 2026 թվականի առաջնահերթությունները, որոնք ներառում են հետևյալ ուղղությունները՝ թվայնացում, աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում, ապաինստիտուցիոնալացման քաղաքականության խթանում, զբաղվածության խթանում, կենսաթոշակներ, նպաստներ, ժողովրդագրություն: