Ալիևը՝ Թրամփ-Փեզեշքիան «երկխոսության միջնորդ»


 

Ալիևը՝ Թրամփ-Փեզեշքիան «երկխոսության միջնորդ»

  • 06-02-2026 18:03:29   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

1in.am  Փետրվարի 6-ին, Աբու-Դաբիում եռօրյա աշխատանքային այցից անմիջապես հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնել է Ալիևի պաշտոնական կայքը: Հանդիպման ընթացքում սիրալիրություններ փոխանակելուց զատ ընդգծվել է, որ Իրան-Ադրբեջան «հարաբերությունները զարգանում են բարեկամության, եղբայրության և բարիդրացիության սկզբունքների հիման վրա», ինչպես նաև անդրադարձել «պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարին»: Ալիևն, ընդսմին, կարևորել է Հայաստանի հետ խաղաղությունը, որ «նշանակություն ունի նաև Իրանի համար»:
 
Իրանի պաշտպանության նախարարը Բաքու է գործուղվել, ինչպես ինքն է վկայել, նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախաձեռնությամբ: Այդ մակարդակի այցը և, մանավանդ, Ալիևի հետ հանդիպումը ծրագրվում է նախօրոք: Աբու- Դաբի մեկնելուց առաջ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Փեզեշքիանի հետ և Իրանի շուրջ իրավիճակի կապակցությամբ «անհանգստություն հայտնել»: Նա նաև ասել է, որ պատրաստ է «նպաստել լարվածության թուլացմանը»:
 
Ալիեւը Իրանի պաշտպանության նախարարին ընդունել է, երբ Օմասնի մայրաքաղաք Մասկատում մեկնարկել են իրանա-ամերիկյան բանակցությունները: Փորձագիտական իշխող տպավորություն է, որ ԱՄՆ-Իրան «գործարք չի կայանա»: Ադրբեջանի նախագահը չափազանց հաշվենկատ է, որպեսզի նման իրավիճակում իրեն Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարի հետ կապված հարցեր քննարկի և, մանավանդ, իր պաշտոնական կայքում հրապարակայնացնի:
 
 
 
Ուշագրավ է, որ Իրանի պաշտպանության նախարարը Բաքու է գործուղվել ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցին ընդառաջ: Իրանում, կարծես, Միացյալ Նահանգների հետ «գործարքի» հարցում ներվերնախավային տարաձայնություններ կան: Նախագահ Փեզեշքիանը բողոքի զանգվածային ցույցերի օրերին հայտարարել է, որ իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու են երկրի իշխանությունները: Հոգևոր առաջնորդ Խամենեին ցուցարարներին անվանել է «ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործակալներ, որ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել»:
 
Կարելի է ենթադրել, որ Ալիև-Նասիրզադե հանդիպման մասին տարածված տեղեկատվությունը դիվանագիտական «ծածկաքող է»: Հավանական է, որ Իրանի նախագահը փորձել է Ալիևի միջոցով «Սպիտակ տան հետ հաղորդակցություն հաստատել» կամ Վաշինգտոնն է փոխնախագահ Վենսի ուղևորությունից առաջ փորձել «Փեզեշքիանին ուղերձ փոխանցել»: Ալիևի և Իրանի պաշտպանության նախարարի հանդիպման մասին Բաքվի ընդգծված բացախոսությունը կարելի է բացատրել միայն Բաքու-Թեհրան խորհրդապահական շփումների նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրվածությամբ: Այլ պարագայում Ալիևը Փեզեշքիանի բանագնացին չէր ընդունի:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը