Հետախուզվողներ են հայտնաբերվել․ տղամարդիկ կալանավորված են
06-02-2026 18:22:53 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվել են Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։
Հունվարի 30-ին՝ ժամը 12։30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեց և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեց սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդ։
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 6-ի գիշերը հեռախոսային վեճը շարունակելու նպատակով 33-ամյա հետախուզվողն այցելել էր Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչ մի տղամարդու տուն, որտեղ ինքն ու մեկ այլ անձ բռունցքներով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էին հասցրել տանտիրոջը՝ անզգուշությամբ առաջացնելով նրա մահը:
Իսկ սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը անցած տարվա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 23-ի սահմաններում, դարձյալ հեռախոսային վեճը շարունակելու համար իր հետ վիճողին հանդիպել է Գյումրիի Մուշ թաղամասում և ունենալով զենքի գործադրմամբ նրան կյանքից զրկելու նպատակ՝ չորս անգամ կրակել է նրա վրա։ Տուժողը, սակայն, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել նրա կյանքը։
Երկու հետախուզվողն էլ կալանավորվել և տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։