Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող


 

Նուբարաշենի զորամասի հարակից տարածքում դաժան ծեծի է ենթարկվել 24-ամյա պայմանագրային զինծառայող

  • 07-02-2026 15:35:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Փետրվարի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարության զորամասին հարակից տարածքից դաժան ծեծի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորական հոսպիտալ են մեկնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ծառայողները, որոնց բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում անգիտակից վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ հոսպիտալ տեղափոխվածը ծառայում է Նուբարաշենի զորամասում որպես պայմանագրային զինծառայող, և նրան խմբակային դաժան ծեծի են ենթարկել։Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա ծանր վնասվածք է ստացել նաև դեմքի, այդ թվում՝ աչքերի հատվածում, և նա Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ավետիք Մ.-ն է։Դեպքի փաստով ռազմական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորի քննչական բաժին։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը