Բաքվի պաշտոնական և Երևանի ընդդիմադիր քարոզչությունը ԱՄՆ փոխնախագահի այցին «ունիսոն են նախապատրաստվում»
07-02-2026 17:32:04 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Բաքվի իշխանամերձ minival politika-ն ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության «դատավարությունը» գնահատել է «ոչ միայն արդարության, այլև պատմական ճշմարտության հաղթանակ»: Իսկ «պատմական ճշմարտությունն այն է, որ ոչ միայն առաջին, այլև երկրորդ պատերազմը Հայաստանն է սկսել»: Հայաստանում վերջին օրերին ով չի ծուլանում, Բաքվում ապօրինաբար պահվող անձանց ճակատագրով «խոր մտահոգություն է հայտնում»: Եվ, որքան էլ արտառոց չհնչի, հընթացս Նիկոլ Փաշինյանին մեղադրում են «բանակցային գործընթացը ձախողելու, Ադրբեջանի հետ պատերազմ հրահրելու» մեջ:
Ստացվում է, որ այդ հարցում Ադրբեջանի պաշտոնական և Հայաստանի ընդդիմադիր քարոզչությունը սկզբունքորեն նույնական է: Տարբերությունն այն է, որ Բաքվում ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանում են «խունտա, որ արժանի էր ամենախիստ պատժի և արդարացիորեն ստացավ», իսկ Հայաստանում՝ «Նիկոլ Փաշինյանի արկածախնդրության (դավաճանության) զոհ»: Եթե ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցին ընդառաջ Բաքվում «դատավճիռ է կայացվել, իսկ պաշտոնական քարոզչությունը ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությանը «խունտա» է անվանում, ուրեմն Ալիևը նախապատրաստվում է այդ հարցի քննարկմանը : Նույն խնդրով ի՞նչ քայլեր է ձեռնարկում պաշտոնական Երևանը, հրապարակային ոչինչ հայտնի չէ, բայց, դատելով արտգործնախարար Արարատ Միրզոյանի ԵԽԽՎ-ում ելույթից, Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը հետևողական, նպատակային և հուսադրող են:
Ադրբեջանական կողմի քարոզչությունը, որին միանում են նույնիսկ Եվրոպայում ապաստանած նախկին քաղբանտարկյալները, սպասարկում է Ալիևի շահը, Վենսի հետ ենթադրյալ բանակցություններում նա կարող է պնդել, որ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը «կարժենա ներադրբեջանական ցնցում, կթուլացնի իշխանության դիրքերը, կվտանգի խաղաղության, կայունության և համագործակցության գործընթացը, կձախողի Հարավային Կովկասում ԱՄՆ բոլոր ծրագրավորումները»:
Իսկ ի՞նչ են անում Հայաստանի որոշ ընդդիմադիր ուժեր, հանրային գործիչներ, տասնյակ լրատվամիջոցներ, ֆեյսբուքյան հարյուրավոր ակտիվ օգտատերեր: Նրանք օրնիբուն գրում, եթերներից և անձնական «լայվերից» քարոզում են, որ «կար Հայաստանին վերջնականապես միավորված Արցախ, մենք տարածաշրջանում օրակարգ թելադրող էինք, Փաշինյանը եկավ և Ալիևին ոչ միայն տարածքներ հանձնեց այլև՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, իսկ արցախցիներին ենթարկեց բռնատեղահանության»:
Այս օրերին, անկասկած, Երեւանում եւ Բաքվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով և «մանրադիտակի տակ են առնում» ոչ միայն քաղաքական տրամադրությունները, այլև մամուլը, հեռուստաեթերը, սոցիալական մեդիան, «բլոգոսֆերան»: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե Երևանում ԱՄՆ դեսպանատունը փոխնախագահ Վեսնի աշխատակազմին նույնիսկ մեկ տողով իրազեկի, որ Հայաստանի նախկին նախագահները, ընդդիմադիր կուսակցությունները և հանրային կարծիք ձևավորող անհատներն ու մամուլի տասնյակ միջոցներ քառասունչորսյա պատերազմի, Արցախի հայաթափման և ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության առևնգման պատասխանատու են «նշանակել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Տպավորություն է, որ հայաստանյան ընդդիմությունը կամ առնվազն նրա մի զգալի հատվածը ամեն ինչ անում է, որպեսզի ԱՄՆ փոխնախագահի այցից հետո հնարավորություն ունենա իշխանություններին և անհատապես Նիկոլ Փաշինյանին մեղադրելու «լավագույն հնարավորությունից օգտվելու անկարողության» մեջ: Այդպես կարելի է նաև ԱՄՆ դերի և հեղինակության կամ անկեղծության շուրջ հանրային կասկածներ սերմանել: