Պապոյանի խոսքով՝ Վենսի այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների նկատմամբ մաքսատուրքի հարցը
09-02-2026 13:05:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն․ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահի հայաստանյան այցի շրջանակներում կքննարկվի նաև Իրանի հետ առևտուր անող երկրների նկատմամբ 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու հարցը:
ԱՄՆ նախագահը Օմանում իրանական կողմի հետ բանակցություններից հետո փետրվարի 7-ին հրամանագիր է ստորագրել, որով լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում Իրանի հետ բիզնեսով զբաղվող երկրների համար:
«Մոտավորապես 50 միլիոն դոլարի արտահանում ենք ունեցել նախորդ տարի Միացյալ Նահանգներ, և բնականաբար, այնտեղ ապրանքներ կան, որոնք էական չափով իրենց մրցունակությունը կկորցնեն նման իրավիճակում», - նշել է նախարար Պապոյանը:
Հարևան երկիրը Հայաստանի չորրորդ ամենամեծ առևտրային գործընկերն է: Տնտեսագետների համոզմամբ՝ Իրանի հետ առևտուրը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:
Հարցին, թե Բաքվում ազատազրկման դատապարտված գերիների հարցը ևս կքննարկվի՞, նախարարն ասել է, որ բոլոր հարցերը, որ կարող են լինել հայ-ամերիկյան օրակարգում, կքննարկվեն:
Ջեյ Դի Վենսն այսօր է ժամանում Երևան, նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի հետ: Վաղը մեկնելու է Բաքու: