ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կայցելի Օման
09-02-2026 15:27:48 | Իրան | Ի՞նչ է գրում մամուլը
azatutyun.am Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական և ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին վաղը կայցելի Օման, որտեղ անցած շաբաթավերջին իրանական պատվիրակությունը ամերիկյան կողմի հետ բանակցել էր՝ Օմանի միջնորդությամբ։
«Լարիջանին կհանդիպի Օմանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումները», - հաղորդել է իրանական Tasnim գործակալությունը։
ԱՄՆ-ի և Իրանի դիվանագետներն անցյալ ուրբաթ վերսկսեցին անուղղակի բանակցությունները՝ տարածաշրջանում ԱՄՆ ռազմածովային ուժերի կուտակման և փոխադարձ սպառնալիքների ֆոնին: Բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը և վայրը դեռևս չեն հայտարարվել:
Հայտնի է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Իրանի միջուկային ծրագրից բացի բանակցություններում ներառել նաև Թեհրանի բալիստիկ հրթիռների զինանոցը սահմանափակելու հարցը, սակայն Թեհրանը բացառում է քննարկումներն այդ խնդրի շուրջ: