Քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն


 

Քննարկվել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված օրենսդրական նախաձեռնություն

  • 09-02-2026 15:31:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Առաջարկվող օրենսդրական փաթեթով հնարավորություն կտրվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացում ներգրավել նաեւ ոչ պետական կազմակերպություններին: Գործող օրենքով դա հնարավոր է անել միայն պետության կողմից: Օրինակ՝ մենք արդեն ունենք «Զինապահ» հիմնադրամը, որը պատրաստ է իր  վրա վերցնել աջակցող միջոցների տրամադրման մասով որոշակի բեռ: Խոսքը 44-օրյա պատերազմի մասնակիցների` հատկապես վերջույթների պրոթեզների տրամադրմանն է վերաբերում: Մենք օրենքով չենք կարող դա անել եւ պետք է խնդրենք թույլ տալ, որպեսզի այդ հնարավորությունն ընձեռվի: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:
 
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 9-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  եւ տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ:
 
Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է ներմուծել «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը: «Մենք արդեն պետական բյուջեի միջոցներով նման կենտրոն կառուցում ենք: Հուսով ենք այն, որպես օրինակ, կծառայի ապագայում ոչ միայն պետական բյուջեի հաշվին նմանատիպ կենտրոններ ունենալու համար: Քննարկվելու է նաեւ այս կենտրոնի շահագործման հնարավորությունը փոխանցել ոչ պետական կազմակերպություններին: Անհրաժեշտություն ունենք լիազորող նորմի, որպեսզի ամրագրենք կարգավորումներն «անկախ կյանքի կենտրոնի» գործունեության վերաբերյալ»,- նշել է Արսեն Թորոսյանը:
 
Օրենսդրական նախաձեռնությամբ «անձնական օգնականի» ծառայությունների մատուցման գործընթացում առաջարկվում է պայմանագիրը դարձնել եռակողմ:
 
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում եւ նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա, ըստ հիմնական զեկուցողի, նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի:
 
Արսեն Թորոսյանն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթը քննարկել 24-ժամյա ռեժիմով: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով, մասնավորապես, «անկախ կյանքի կենտրոնի» մոդելին, գործունեությանը, միջազգային փորձին:
 
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն