Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել զբոսաշրջության ներուժը զարգացնելուն ուղղված համաձայնագրին
09-02-2026 15:39:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Ծրագիրն իրականացվելու է բացառապես Հայաստանի մարզերում: Սա Հայաստանի տարածքների համաչափ խթանման, զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագիր է: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալում ենք, որ ստեղծվելու են տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ 2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրված վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,5 մլն եվրո, որից 96,4 մլն եվրոն է վարկային միջոցներ՝ 24,101 մլն-ը համաֆինանսավորելու է ՀՀ Կառավարությունը: Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից 4 ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից:
Վարկի մարման ժամկետը 21 տարի է, որից արտոնյալը՝ 9 տարի: Վարկի մարումները կատարվելու են հավասարաչափ կիսամյակային վճարումներով, առաջին մարումը կատարվելու է 2034 թվականի հունիսի 1-ին, իսկ վերջինը՝ 2045 թվականի դեկտեմբերի 1-ին: Վարկի սպասարկման եւ մարման արժույթը եվրո է, իսկ վարկի տոկոսադրույքի տեսակը՝ լողացող: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին եւ դեկտեմբերի 1-ին: Միանվագ կոմիսիոն վճարը վարկի գումարի 0.25 տոկոսի չափով է, որը պետք է վճարվի ոչ ուշ, քան համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց 60 օրվա ընթացքում: Տոկոսադրույքի ռիսկը կառավարելու համար վարկառուն հնարավորություն ունի փոխել լողացող բազիսային տոկոսադրույքը դրան համարժեք ֆիքսված տոկոսադրույքի:
Նախարարը նշել է, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելուն ամենաքիչը 7 կլաստերներում, ընթացքում կարող են նոր կլաստերներ եւ գործիքներ ավելանալ: Նախատեսվում է, որ կամբողջանա Գորիս զբոսաշրջային կլաստերը: Երկրորդն Արենին է, երրորդը՝ Եղեգիսը, չորրորդը՝ Ջերմուկը: Հաջորդում են Գյումրին, Դիլիջանը, Դվինը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Հարցը քննարկվել է փետրվարի 9-ին:
Հանձնաժողովը քննարկել է նաեւ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2025 թվականի տարեկան հաշվետվությունը: Կատարած աշխատանքները մանրամասնել է Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Կարինե Բադալյանը: Նշվել է, որ գրասենյակի գործունեությունը միտված է եղել ոչ միայն տեղեկատվության տրամադրմանը, այլեւ Ազգային ժողովի վերահսկողական, վերլուծական եւ խորհրդատվական գործառույթների շարունակական ամրապնդմանը՝ ապահովելով բյուջետային գործընթացների առավել թափանցիկ եւ տվյալահեն քննարկում: