Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը


 

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը

  • 09-02-2026 15:43:48   | Իտալիա  |  Սպորտ

Իտալիայում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի առաջին ներկայացուցիչները սկսել են պայքարը:
 
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով:
 
Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևեում:
 
Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով:
 
Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:
 
Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:
 
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:
 
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին ընդառաջ հանդիպել էր մարզիկներին Աշոցքի դահուկային կենտրոնում, ապա՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում»՝ մաղթելով նրանց հաջող մրցելույթներ:
 
Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում խաղարկվում է մեդալների 116 հավաքածու: Մրցումներն անցկացվում են 16 մարզաձևերում:
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ