Ադրբեջանին «ցուցվում» է տարածաշրջանային երկրի՝ Հայաստանի հետ հավասար, կարգավիճակ
09-02-2026 19:45:30 | | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Թուրքիան և Սաուդյան Արաբիան սպառազինությունների «մեծածավալ գործարքի շուրջ առաջընթաց բանակցություններ են վարում»: Այդ մասին, համադրելով թուրքական և սաուդյան մի շարք բաց աղբյուրների տեղեկությունները, եզրահանգել է Israel Inside-ը, որի գնահատմամբ՝ «խոսքն առաջին հերթին 20-ից մինչև 100 միավոր հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ձեռքբերման և Սաուդյան Արաբիայում բազմաֆունկցիոնալ Gokbey ռազմական ուղղաթիռների արտադրություն հիմնելու մասին է»: Թուրքական մամուլի տեղեկություններով «քննարկումները հասել են քաղաքական ամենաբարձր մակարդակի»:
Թուրքիայի նախագահ Էրդողանը անցյալ շաբաթ այցելել է Էր-Ռիադ և փակ հանդիպում ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ բին Սալմանի հետ: Ավելի վաղ իսրայելական մամուլը գրել է, որ Թուրքիան Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ «հակաիսրայելական ռազմական դաշինք է նախաձեռնում»: Փետրվարի 8-ին կայացած՝ Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցի առթիվ Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն, որ իշխանությունների հետ աֆիլացված մեկնաբանի համարում ունի, ենթադրել է, որ Բայրամովը, գուցե, Ֆիդանի հետ քննարկել է «տարածաշրջանային դաշինքների հետ կապված հարց»:
Քառասունչորսօրյա պատերազմից մեկ տարի հետո Թուրքիան և Ադրբեջանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը», որն ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխիքն» է: Հետագա փուլում Բաքուն հրապարակայնացրել է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական դաշինքի մտադրությունը: Երևում է, այդ ուղղությամբ շոշափելի առաջընթաց չկա: Անկարան, ըստ երևույթին, նախընտրել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ դաշնակցությունը, բայց՝ երկկողմ ձևաչափում: Ըստ որոշ տեղեկությունների, Սաուդյան Արաբիան Պակիստանի և Թուրքիայի հետ «եռյակ միության» տարբերակը չի ընդունել:
Գործանականում բավական որոշակի ուրվագծվում է իրավիճակ, երբ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում Ադրբեջանը «մոտեցել է կարմիր գծերին», բայց այդ հավակնությունները սպասարկելու իրական գործիքակազմեր չունի: Թուրքիայի և Պակիստանի հետ ֆորմալ «եռյակ միությունը» Բաքվին հստակ երաշխիքներ կտար և նրա համար առնվազն «տարածաշրջանային առաջատարի» դերակատարություն կապահովեր: Այդ միությունը չի կայանում: Ադրբեջանը գլոբալ անվտանգության երաշխիք է փնտրում Արաբական միացյալ էմիրություններում: Վերջինս Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կողմից «կասկածվում» է Իսրայելին աջակցելու մեջ:
Արդյունքում, եթե թուրք-սաուդական սպառազինությունների գործարքի մասին տեղեկությունը հիմնավոր է, ստացվում է, որ Թուրքիան, ելնելով իր ազգային շահերից, Ադրբեջանի հետ հարաբերությունների «զգացմունքայնությունը և գաղափարայնությունը» ստորադասում է սառը հաշվարկին: Բաքուն չի կարող թուրքական ռազմաարդյունաբերության ֆինանսական հովանավոր լինել, Սաուդյան Արաբիան անհամեմատ մեծ հնարավորություններ ունի:
Ըստ էության, կարելի է եզրակացնել, որ «թուրանական բանակի» նախագիծը գոնե այս փուլում ակտուալ չէ: Ֆինանսական «ազատ միջոցներ» ունեցող դերակատարները չեն կարող ռազմական մրցակից դաշինք հովանավորել, Թուրքիան միջոցներ չունի, Ադրբեջանի տարեկան երեք-չորս միլիարդ դոլարի ռազմական հատկացումները ուժի գլոբալ կենտրոնի ենթադրյալ ծախսերի համեմատ պարզապես ծիծաղելի են: Արդյունքում Ադրբեջանին «ցուցվում» է տարածաշրջանային երկրի՝ Վրաստանի և Հայաստանի հետ հավասար, կարգավիճակ: Այդպիսին է ուժային հարաբերակցությունը: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը կարող է քաղաքական մակարդակում այդ իրողությունը ֆորմալացնել: