1in.am Փետրվարի 9-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Վենսի բանակցությունների ավարտից և մամուլի համար նրանց հայտարարություններից ամենաէական տպավորությունը փորձագետները և անգամ սոցիալական հարթակների օգտատերերը ստացել են Հայաստանի կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքեր ձեռք բերելու տեղեկությունից: «Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- ասել է Փաշինյանը:
Պատասխան խոսքում Վենսը շեշտել է. «Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է, իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առաջին անգամ մենք հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին»։
Հայաստանին ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների վաճառքը զուտ կիրառականից բացի և, գուցե, ավելի վեր՝ ունի քաղաքական կարեւորություն: Եվ այդ մասին գրեթե բաց ասել է թե վարչապետ Փաշինյանը՝ կարեւորելով Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդումը, թե փոխնախագահ Վենսը՝ ասելով, որ «խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպան գործիքներ ունենալու մեջ է»: ԱՄՆ-ը փոխնախագահը նույնիսկ հրապարակայնացրել է, որ իր երկիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղություն է կառուցում»:
Այս ֆոնին հայրենական հեղինակավոր լրատվամիջոցը (mediamax) սևեռվել է ամերիկյան ԱԹՍ-երի «կիրառման հարուստ փորձի» մասին Նիկոլ Փաշինյանի մտքի վրա և, ինչպես հավաստիացնում է, ԶԼՄ-երի հրապարակումներից պարզել, որ «մի գործողության ընթացքում V-BAT-ը Խերսոնի մարզում հայտնաբերել է ռուսական հրթիռային պահեստ՝ ռազմաճակատից 100 կիլոմետր հեռավորության վրա, թիրախային տեղեկատվությունը փոխանցվել է ուկրաինական ուժերին, որոնք HIMARS հրթիռներով հաջող հարված են հասցրել պահեստին», իսկ մեկ այլ գործողության ընթացքում՝ 2024 թվականի օգոստոսին, V-BAT-ները հայտնաբերել են ռուսական հակաօդային հրթիռային մարտկոցները և փոխանցել են տեղեկատվությունը հրետանային հարվածների համար»։
Թե ինչ ենթատեքստ ունի այս տեղեկատվությունը, պարզ է: Բայց Հայաստանն ինչո՞ւ պիտի սպառազինություններ ձեռք բերելու հարցում իրեն կաշկանդի Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի համար դրանց վտանգավորությամբ՝ մեկ: Երկրորդ, ԱՄՆ փոխնախագահի Երեւան այցին ընդառաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Հնդկաստանից ձեռք բերված սպառազինություններ: Ամենևին էլ բացառված չէ, որ դրանք կամ գոնե դրանց մի մասը Հնդկաստանն անցյալ տարի Քաշմիրում կիրառել է Պակիստանի դեմ: Նույն լրատվամիջոցը Պակիստանի համա՞ր էլ է «մտահոգ»:
Կամ վաղը Հայաստանը կունենա, կարող է ունենալ ռազմատեխնոլոգիական միջոցներ, որոնց մարտական արդյունավետությունը մեկ այլ երկրի համար է ցավոտ եղել: ՀԱՊԿ-ի անդամ Ղազախստանը և Ղրղըզստանը Թուրքիայից հարյուրավոր հետախուզական և հարվածին ԱԹՍ-եր են ձեռք բերել, որ ուկրաինական պատերազմի առաջին փուլում Ռուսաստանին լրջագույն «անհասգստություն են պատճառել: Այլ օրինակներ էլ կարելի է բերել և անգամ վարկածել, որ լրատվամիջոցը «պարզապես նպատակ է ունեցել հանրությանը ներկայացնել ամերիկյան ԱԹՍ-երի արդյունավետության մասին վարչապետ Փաշինյանի ասածի հիմնավորումները», բայց դա չափազանցված լավատեսություն կլինի: