Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է


 

Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում 2025-ին նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ․ պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է

  • 11-02-2026 15:47:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախագահությամբ ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքները։ Հաշվետու տարում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ, դատարան է ուղարկվել 581 գործ՝ 609 անձի վերաբերյալ, իսկ պետությանը պատճառված 17,7 մլն դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Գլխավոր դատախազը նաև հանձնարարել է ուսումնասիրել զբոսայգիների, մանկապարտեզների տարածքների օտարման և ապօրինի գործող լցակայանների հետ կապված հարցերը՝ անհրաժեշտության դեպքում դատարան հայցեր ներկայացնելու նպատակով։ 
 
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ Հայկ Մանանդյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, վարչական շրջանի դատախազության դատախազներ, այլք:
 
Հայկ Մանանդյանը, ներկայացնելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025 թվականին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում նախաձեռնվել է 3534 քրեական վարույթ, որից Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում՝ 2447 (2024 թվականին՝ 2490 քրեական վարույթ), իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում՝ 1087 (2024 թվականին՝ 1275 քրեական վարույթ):
 
Հաշվետու ժամանակահատվածում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 581 քրեական վարույթ՝ 609 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 582 քրեական վարույթ՝ 627 անձի վերաբերյալ):
 
Դատարաններում ավարտվել է 556 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 590 քրեական գործ՝ 599 անձի վերաբերյալ):
 
Հայկ Մանանդյանի տեղեկացմամբ՝ քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 17 միլիոն 697 հազար դրամ, որը նույն ժամանակահատվածում ամբողջությամբ վերականգնվել է:
 
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի խոսքով՝ 2025 թվականին դատախազների կողմից 16  միջնորդագիր է ուղարկվել պետական մարմիններին՝ ուղղված հանցանքների պատճառների և պայմանների վերացման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելուն:
 
Հաշվետու ժամանակահատվածում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից պետական (համայնքային) շահերի պաշտպանության 2 հայց է ներկայացվել իրավասու դատարան. հայցերն ընդունվել են դատարանի վարույթ:
 
Գլխավոր դատախազն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին և դատախազության դատախազներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ ուղղված զբոսայգիների տարածքներում օտարումների և վարձակալությունների, մանկապարտեզների շենքերի օտարումների, օրենքի խախտմամբ գործող բենզալցակայանների և գազալցակայանների վերաբերյալ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելուն և դատարան հայցեր ներկայացնելուն:
 
ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն