1in.am Փետրվարի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՌԴ դիվանագետի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում է կազմակերպել իր գլխավորած գերատեսչությունում և հանդես եկել ծրագրային ելույթով: Ուկրաինական կարգավորման մասին նա կրկնել է հայտնի թեզը, Ռուսաստանը գերադասում է «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնել դիվանագիտական ճանապարհով, բայց եթե դա տեղի չունենա, մարտական գործողությունները կշարունակվեն: Լավրովը հստակ սահմանել է, որ Ղրիմի, Սևաստոպոլի, ամբողջ Դոնբասի և Նովոռուսիայի «պատմական հողերը պետք է վերադառնան հարազատ նավահանգիստ»:
Ինչ վերաբերում է Եվրոպային, ապա Լավրովը հույս է հայտնել, որ Բրյուսելում, Լոնդոնում և եվրոպական մի քանի այլ մայրաքաղաքներում «խրամատավորված պատերազմի կուսակցությունը չի կանգնեցնի Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ԱՄՆ և Ռուսաստանի կողմից սկսված շարժումը»: Սա նույնպես քաջածանոթ քարոզչություն է: Նորություն է, թերևս, այն, որ Լավրովը հայտարարել է Լատինական Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացման մասին և շեշտել, որ Ռուսաստանը սատարում է իր դաշնակիցներ Վենեսուելային և Կուբային:
ՌԴ արտգործանախարարը Մոսկվայի արտաքին քաղաքական առաջնահերթություն է սահմանել Հնդկաստանի և Չինաստանի հետ ռազմավարական համագործակցությունը, իսկ ասիական այլ երկրների հետ հարաբերությունների զարգացման հարթակ անվանել ԲՐԻԿՍ-ը: Տարածաշրջանային ինտեգրացիոն այնպիսի կառույցներ, ինչպիսիք Շանհայի համագործակցության կազմակերպությունն է և ԵԱՏՄ-ն, Սերգեյ Լավրովը որպես Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների սպասարկման միջավայր չի նշել: ՌԴ արտգործնախարաի ծրագրային ելույթում խոսք չկա նաև ԱՊՀ-ի մասին:
Տպավորություն է, որ այդ մոտեցումը հստակ քաղաքական է և հասցեագրված է առաջին հերթին հետխորհրդային տարածքի երկրներին: Լավրովը չէր կարող անտեսել ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը և, մանավանդ, ԱՊՀ-ն, որ հիշեցնում է ԽՍՀՄ –ի խորհրդանիշը: Հռչակելով Եվրոպայի և եվրոպական արժեհամակարգի նկատմամբ չափազանց հավակնոտ արտաքին քաղաքական ուղեգիծ, Մոսկվան, կարծես, պարզորոշ հասկանալ է տալիս, որ աշխարհաքաղաքական ընտրության հարցում հետխորհրդային տարածքի բոլոր երկրները «հետևում են նույն ուղեգծին», ինչ ինքն ունի: Իրականում ի՞նչ զարգացումներ կան կարող են հետևել, ՌԴ համար էական չէ: Գլխավորը, ինչպես հստակ հետևում է Լավրովի ելույթից, այն է, որ Ռուսաստանը «բացառիկ քաղաքակրթության կրող» է: