ՇՄ նախարարը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է «Նաիրիտ» գործարանի տարածքի էկոլոգիական մաքրման և վերազարգացման պլանավորման հարցերը
11-02-2026 17:13:59 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Զարկոնեին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք կարևոր ուղղություններ, որոնք կարող են զգալիորեն ամրապնդել մեր բնապահպանական օրակարգը և բարձրացնել համայնքների դիմակայունությունը։
Անդրադարձել են «RESILAND․ Armenia Resilient Landscapes» ծրագրին, որը միտված է Լոռու, Սյունիքի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում անտառների ու խոնավ տարածքների կառավարման բարելավմանը՝ համայնքների մասնակցության և համատեղ կառավարման մեխանիզմների խթանմամբ։
Քննարկել են 2026 թվականի առաջնահերթ գործողությունները։
Առանձին անդրադարձել են նաև «Նաիրիտ» գործարանի տարածքի էկոլոգիական մաքրման և վերազարգացման պլանավորման հարցերին՝ ընդգծելով հանրային առողջության և անվտանգության ռիսկերի նվազեցման տեսանկյունից ինստիտուցիոնալ հստակ կազմակերպման անհրաժեշտությունը։
Ընդլայնված քննարկում են ունեցել Հայաստանում COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ և այդ գործընթացում Համաշխարհային բանկի աջակցության հնարավորությունների վերաբերյալ։
Անդրադարձել են փորձագիտական ներուժի տրամադրմանը, իրազեկման և հաղորդակցման աշխատանքների աջակցությանը, ինչպես նաև կազմակերպչական որոշ ուղղություններով գործընկերային ներգրավվածությանը։
Նախարարը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակել և խորացնել համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ՝ ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու, համատեղ առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով։