ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները


 

ԲՏԱ նախարարը և Shield AI ընկերության ներկայացուցիչները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները

  • 11-02-2026 17:31:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ամերիկյան Shield AI ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության միջազգային բիզնեսի զարգացման և ռազմավարության ավագ տնօրեն Քրիս Բրինքլի գլխավորությամբ: 
 
Հանդիպմանը մասնակցել են նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,  նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Shield AI ընկերության Կառավարության հետ կապերով փոխնախագահ Չիպ Բյուրքհալտերը։
 
Իր խոսքում նախարար Մխիթար Հայրապետյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Shield AI ընկերության միջև պաշտպանական ոլորտում արդեն ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով դրա զարգացման մեծ ներուժը։ Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, իրականացվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում առկա բարձր որակավորում ունեցող ինժեներական ներուժը և պաշտպանական տեխնոլոգիաներում համագործակցության լայն ուղղությունները։
 
Քրիս Բրինքլինն իր հերթին ներկայացրել է Shield AI ընկերության գործունեությունն ու տեխնոլոգիական լուծումները՝ առանձնահատուկ անդրադառնալով արհեստական բանականության և ինքնավար համակարգերի ոլորտում ընկերության փորձին։ Նա ընդգծել է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ նշելով փորձի փոխանակման, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D), ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացման պատրաստակամությունը։
 
Քննարկման առանցքում են եղել ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները, ինքնավար ծրագրային հարթակների (autonomy software platform) կիրառումը, փորձի փոխանակումը և գիտահետազոտական ու փորձարարական զարգացման ծրագրերը։
 
Shield AI-ն ամերիկյան ավիատիեզերական և պաշտպանական տեխնոլոգիաների ընկերություն է, որի կենտրոնակայանը գտնվում է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։ Ընկերությունը մշակում է առաջատար արհեստական բանականությամբ աշխատող ինքնավար լուծումներ, որոնք նախատեսված են տարբեր ռազմական հարթակների համար՝ ներառյալ օդանավերը, անօդաչու թռչող սարքերը, նավերը, արբանյակները և ստորջրյա համակարգերը՝ աջակցելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը և նրա դաշնակիցներին։
 
 ԲՏԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն